Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմությո՞ւն

Մայիս 21,2013 12:00

«Ժողովուրդ»-ի հարցազրույցը  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարոն Շարմազանով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին շրջանում հակասական հայտարարություններ է անում։ Հիմա էլ ասել է, որ Հայաստանի քաղաքական դաշտն ինքնին որեւէ կերպ չի տեղավորվում դասական պատկերացումների մեջ։ Դուք այդ կարծիքի՞ն եք։

– Եթե դասական նկատի ունի, ինչպես դասական ժողովրդավարական երկոներում եւ իդեալական, իհարկե, դասական քաղաքականություն չկա, եւ պարոն Ծառուկյանը նոր բան չի ասել։ Ինչպես չկա դասական քաղաքական ուժ, քանի որ չկա դասական քաղաքական մշակույթ։ Եվ քաղաքական ուժերը պետք է ձգտեն, որ քաղաքականության մեջ լինեն դասական քաղաքական գործիչներ, ու լինի քաղաքական կուլտուրա։

– Չնայած, որ առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե Գ. Ծառուկյանը որեւէ խնդիր չունի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, ինչի մասին վկայում են նաեւ նրանց պարբերաբար հանդիպումները, բայց այս անգամ եւս Ծառուկյանը հանդես է եկել իշխանությունների քննադատությամբ։

– Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղեք պարոն Ծառուկյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ես տեղյակ չեմ։ Իրենց հարցրեք, թե իրենց ուզածն ինչ է, ես ի՞նչ իմանամ, թե իրենք ինչ են ուզում։

– Գ. Ծառուկյանը նշել է նաեւ, որ ԲՀԿ-ն այլեւս կառավարության մեջ չէ, հետեւաբար պատասխանատվություն չի կրում կառավարության գործունեության համար…

– Եթե այդպես է, ուրեմն ավելի ազնիվ կլիներ, որ հրաժարական տային ոչ միայն ԲՀԿ-ական մարզպետերը, նախարարներն ու փոխնախարարները, այլեւ այն մարդիկ, որոնք շարունակում են աշխատել պետական կառույցներում եւ ներկայացնում են ԲՀԿ-ն։ Նրանք պատասխանատո՞ւ են իրենց արարքների համար, իրենց գործունեության համար, թե՞ ոչ։ Ես Ձեզ հարց եմ տալիս կամ էլ, եթե ցանկանում եք, այդ հարցերն ուղղեք իրենց։

– Ըստ ԲՀԿ առաջնորդի՝ այն պահից, երթ ԲՀԿ-ն հրաժարվել է մաս կազմել կառավարող կոալիցիային, նա «զրոյական հետաքրքրություն» ունի, թե ով ինչի նախարար է։ Բայց նա շարունակելու է կառուցել մարզական դպրոցներ, օգնել մեր տաղանդավոր մարզիկներին եւ մարզիչներին, քանի որ, ըստ Ծառուկյանի, սպորտի նախարարություն Հայաստանին այնքան էլ պետք չէ։ Եվ ոչ միայն։

– Դա ինքն իր կարծիքն է ասել, ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ սպորտի նախարարությունը շատ է պետք Հայաստանին, ինչպես նաեւ այլ նախարարությունները։ Պետք է ամեն ինչ անենք, որ թե՛ սպորտի նախարարության աշխատանքները բարելավվեն, թե՛ մյուս նախարարություններինը։

– Չնայած այս ամենին՝ ԲՀԿ-ն կրկին հայտարարում է, որ չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել։

– Ես ցանկությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ քաղաքական պրոցեսները։ Քաղաքական կուսակցությունն է որոշում՝ ինչպիսի կեցվածք ունենա՝ ընդդիմություն, իշխանություն, թե այլընտրանք։ Դա իրենց որոշելու խնդիրն է, մենք ավելի կարեւոր հարցեր ունենք քննարկելու։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031