Լրահոս
Օրվա լրահոսը

Կոծկողը

Մայիս 21,2013 11:46

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարել է, թե այսօր հայոց բանակում կտրուկ պակասել են սպանությունները, սակայն քանի որ պաշտպանության նախարարությունը թափանցիկ է աշխատում, բոլորին թվում է, թե հայկական բանակում վատ մթնոլորտ է։ Հատկապես վերջին օրերին տեղի ունեցած հերթական սպանությունից հետո, որը քիչ էր մնում վերաճեր համազգային ընդվզման, այդ հայտարարությունը նման է կրակի վրա բենզին լցնելուն։ Ի՞նչ է նշանակում՝ բոլորին թվում է, թե բանակում վատ մթնոլորտ է: Ինչպե՞ս կարող է բոլորին թվալ մի բան, որն իրականություն չէ։ Առավել եւս, որ բանակն այն կառույցն է, որին բոլորը առնչվում են, եւ այնտեղ տիրող մթնոլորտի մասին կարող են դատողություններ անել՝ ելնելով իրենց զավակի, եղբոր կամ հենց սեփական փորձից։ Եվ ուրեմն՝ հանրությանը պետք չեն ո՛չ Տիգրան Սարգսյանի, ո՛չ էլ իշխանական քարոզչության վարդագույն հավաստիացումներն այն մասին, թե օրումեջ գրանցվող միջադեպերն ու անթույլատրելիորեն հաճախակի սպանությունները հանրությանը հայտնի են դառնում այն պատճառով որ պաշտպանության նախարարությունն այդքան լավն է ու այլեւս չի կոծկում սպանությունները։ Տիգրան Սարգսյանը երեկ այդ հայտարարությունն արել է խոսքի ազատության եւ լրատվամիջոցների բացասական հրապարակումների մասին դատողությունների համատեքստում՝ երկրորդելով իր վերադասին եւ մեղադրելով լրագրողներին գաղջ ապատիայի մթնոլորտ ձեւավորելու մեջ։ Ուստի՝ փորձելով անսալ Տիգրան եւ Սերժ Սարգսյանների հորդորին եւ կանխակալ բացասական տրամադրվածությամբ չառաջնորդվել՝ մի պահ հավատանք Տիգրան Սարգսյանի ասածին եւ ընդունենք, որ այսօր բանակում սպանությունների թիվը պակասել է, սակայն հասարակության մոտ հակառակ տպավորությունն է, քանի որ ՊՆ-ն թափանցիկ է աշխատում։ Այդ դեպքում, սակայն, ստիպված ենք լինելու հարցնել, իսկ ինչո՞ւ էին նախկինում սպանությունները շատ, ինչո՞ւ էին դրանք կոծկվում, եւ ամենակարեւորը՝ ո՞վ պետք է պատասխան դա դրա համար։ Սրանք հարցեր են, որոնց Տիգրան Սարգսյանը պարտավոր է պատասխանել, եթե ուզում է, որ իր հավաստիացումներին որեւէ մեկը հավատա։ Ի վերջո, եթե այսօրվա իշխանությունը ուզում է հավատացնել, որ ինքն ավելի լավ է աշխատում, քան նախորդը, ապա պարտավոր է բացահայտել, վեր հանել եւ պատասխանատվության ենթարկել իրենց աշխատանքում թերացած նախորդներին։ Առավել եւս՝ այնպիսի հարցում, ինչպիսին բանակում կատարված սպանություններն են։ Խնդիրն այն է, սակայն, որ Տիգրան Սարգսյանը ոչ մի դեպքում չի կարող նման բան անել՝ այն պարզ պատճառով, որ այդ անհամեմատ ավելի շատ սպանությունների ու դրանց կոծկումների թիվ մեկ պատասխանատուն իր վերադասն է՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ով 1993-1995թթ, ապա 2000– 2007թթ. եղել է Հայաստանի պաշտպանության նախարարը: Ամենաերկարակյաց պաշտպանության նախարարը:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031