Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու էր ագրեսիվ վարչապետը

Մայիս 21,2013 11:37

Երեկ կեսօրին Տիգրան Սարգսյանն իր նոր կաբինետով հայտնվեց խորհրդարանում՝ ներկայացնելու նոր կառավարության ծրագիրը։

Ծրագիրը սիրուն էր ու տպավորիչ, մոտավորապես այնպիսին, ինչպիսին նախորդ կառավարության ծրագիրն էր՝ մեծ խոստումներ եւ մոտավորապես այնպիսի Հայաստան, ինչպիսին ՀՀ քաղաքացին տարիներ շարունակ ամեն օր տեսնում է «Հայլուրով»։ «Կենսաթոշակների ավելացում, յուրաքանչյուր համայնքում առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում, ինչպես նաեւ անվճար ծառայությունների տեսականու ավելացում… Առաջիկայում ապահովելու ենք բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում, արտահանմանը նպաստող արդյունաբերական քաղաքականության լիարժեք իրականացման միջոցներ, կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկում՝ միտված արժանապատիվ ծերության ապահովմանը, աշխատավարձերի համակարգված բարձրացում, կրթության որակի եւ հասանելիության ապահովում, հասանելիություն եւ որակի բարձրացում յուրա¬քանչյուր ոլորտում…»,- ասում էր վարչապետը։

Թվում էր, թե խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես նաեւ այլընտրանքը կջախջախեն վարչապետին իրենց հարցերով, հաշիվ կպահանջեն նախորդ ծրագրի ժամանակ տրված խոստումների չկատարման եւ այդ խոստումների ու հայաստանյան դառը իրականության կապի համար։ Սակայն այդպես չեղավ։ Երեկ խորհրդարան էր եկել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, իսկ ընդմիջման ժամին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ովքեր ինչպես հայտնի է, սուր հակասություններ ունեն, ԱԺ նոր վերանորոգված բուֆետում ցուցադրաբար ճաշեցին խիստ ջերմ մթնոլորտում։ Երեկ գրեթե ողջ աշխատանքային օրը տեւած քննարկումն անցավ բավական տաղտկալի մթնոլորտում։ Ստորեւ ներկայացնում ենք միայն ուշագրավ հարցադրումները։

Նախ, նախկինում «Ժառանգության» պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ առաջին անգամը չէ, երբ ԱԺ դահլիճում փոփոխությունների մասին հավաստիացումներ են արվում, բայց քաղաքացիների վիճակը գնալով վատթարանում է եւ սոսկալի չափերի հասնող արտագաղթը կարող է կրիտիկական վիճակի բերել եւ հարցրեց. «Ո՞վ է բռնել ՀՀ կառավարության ձեռքը, որ Իրանից գազ բերենք ՀՀ։ Դա քաղաքական ճնշո՞ւմ է ՀՀ-ի վրա»։ Վարչապետը հայտարարեց, թե վերջին 20 տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը այսքան կոնկրետ, առարկայական ծրագրեր՝ ժամանակացույցով, չի ներկայացրել եւ իրենք 3 ֆունդամենտալ խնդիր են թիրախավորել այսօր՝ գործազրկություն, արտագաղթ, աղքատություն։ «Երբեմն թվում է, այնքան հեշտ է պայմանավորվել եւ էժան գազ բերել ՀՀ, բայց այս խնդիրը իր մեջ բազմաթիվ գործոններ է պարունակում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ էժան գազ բերենք՝ սկսած Իրանից եւ ՌԴ-ի հետ բանակցություններից»,- ասաց վարչապետը։

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կարկուտի պատճառով տուժած տնտեսությունների խնդրին։ «Անկեղծ ասած, այդպես էլ չհասկացվեց, թե ինչպես էր պատահել, որ Արմավիրի մարզի 105 հակակարկտային կայանները, կներեք այս արտահայտությանս համար, փուստ են տվել(…) Տպավորիչ էր նաեւ, թե դուք ինչպես եք հիշում կոնկրետ քաղաքացիների անուններ։ Ես էլ եմ ձեզ ուզում հիշեցնել կոնկրետ քաղաքացիների անուններ»,- ասաց Փաշինյանը եւ նշեց Հաղարծին գյուղի մի բնակչի անուն, որի խնդրով կառավարության ներկայացուցիչն ԱԺ ամբիոնից խոստացել էր զբաղվել, բայց այդպես էլ ոչինչ չէր արել։ Ներկայացնելով գյուղացու պատմությունը, Փաշինյանն ասաց. «Հիշատակում եմ, որպեսզի գյուղացիները այս պատմությունը իմանան եւ իմանան, թե ինչ արժեք ունեն սովորաբար նույնիսկ խորհրդարանի ամբիոնից կառավարության անունից հնչեցրած խոստումները եւ գյուղացիները պետք է իմանան, որ եթե ուզում են փոխհատուցում, այս քննարկումները ընդամենը իրենց զգոնությունը թուլացնելու համար են»։ Վարչապետը հայտարարեց, թե կատեգորիկ համաձայն չէ պատգամավորի գնահատականների հետ եւ իրենք ոչ պակաս են շահագրգռված, որ յուրաքանչյուր հայ ընտանիքում չլինեն պրոբլեմներ։ «Հավաստիացնում եմ ձեզ, որ ձեր բարձրացրած հարցերը չեն վրիպում մեր ուշադրությունից»,- ասաց վարչապետը: «(…) ես պնդում եմ, որ ձեր կառավարությունը չի օգնելու գյուղացիներին, որովհետեւ դա ձեր կառավարության բնույթն է։ Շատ ավելի ազնիվ կլիներ, որ դուք ԱԺ ամբիոնից խոստովանեիք, որ 2011 թ.-ից ի վեր իմացել եք, որ գազը թանկանալու է ընտրություններից անմիջապես հետո, բայց սպասել եք, որպեսզի դուք «վստահության քվե» ստանաք, որից հետո մարտ ամսից հանեք այդ վստահության քվեի մուռը»,- արձագանքեց Փաշինյանը։ Վարչապետը պատասխանեց. «Ձեր բնույթն է եւ ձեր ոճն է՝ չտեսնել ոչ մի կատարված աշխատանք»։

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարության նոր ծրագրում ոչինչ չկա նոր ատոմակայանի կառուցման մասին։ Մի քանի նկատառումներից հետո նա հայտարարեց. «Ստացվում է, որ այս ժողովուրդը մազոխիստ է, ինչքան աղքատացնում եք, այնքան շատ են վստահում ձեզ»։ Վարչապետը հայտարարեց, թե մտադիր են առնվազն կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, սոցիալական նվազագույն թոշակը հասցնել մինչեւ 32 հազար դրամի, նպաստի միջին չափը՝ 43 հազար դրամի, միջին ամսական թոշակը՝ մինչեւ 65 հազար դրամի։

Զարուհի Փոստանջյանը հարցնում էր, թե ինչու են եկել ու նորից փորձում խաբել բոլորին։ Տիգրան Սարգսյանը նորից թվեր էր բերում ու նոր խոստումներ տալիս։ Հարցի քննարկումը կշարունակվի այսօր։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031