Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Միացյալ Թագավորություն

Մայիս 21,2013 10:57

Քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման ուղիները

Մայիսի 20-ին Վեստմինստերյան աբբայությունում անհայտ զինվորի հուշարձանին և հայ ժողովրդի բարեկամ, 19-րդ դարի բրիտանական ականավոր պետական գործիչ, ՄԹ նախկին վարչապետ Ուիլյամ Գլադստոնի շիրիմին ու նրա հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ՝ մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագարավորություն:

Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ուիլյամ Հեյգն ասաց, որ երկու տարի առաջ՝ Հայաստանի ԱԳ նախարարի նախորդ այցից ի վեր, երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվել՝  հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, ակտիվացել են գործարարների միջև կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար։

Էդվարդ Նալբանդյանն ու Ուիլյամ Հեյգը հանգամանալից քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման, միջազգային կառույցներում փոխգործակցության, գործարար կապերի ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ասաց, որ հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, որը համատեղ ջանքերով կարելի է առաջ մղել և կարևորեց տարբեր ոլորտներում վերջին շրջանում համագործակցության ակտիվացումը:

Նախարարներն անդրադարձան Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: Այս առումով Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը ողջունեց Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացը:

Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:

Զրուցակիցները մանրամասն քննարկեցին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Այդ համատեքստում, նախարար  Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից  ձեռնարկվող համատեղ ջանքերը, ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի և կառուցողականության դրսևորման պարագայում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում։ Այս ենթատեքստում Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղարը իր երկրի աջակցությունը հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ ունեցավ Լորդերի պալատում կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլեսի հետ, որի ընթացքում քննարկման առարկա դարձան եվրոպական օրակարգի հարցերը, հայ-բրիտանական հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ:

Հայաստանի արտգործնախարարի լոնդոնյան օրակարգը ներառում էր նաև հանդիպումներ Միացյալ Թագավորության խորհրդարանում:

Էդվարդ Նալբանդանի հանդիպեց Լորդերի պալատի խոսնակ Ֆրանսես դ՛Սուզայի հետ, որին մասնակցում էր նաև Լորդերի պալատի անդամ, հայ-բրիտանական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանը, գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին այդ ձևչափով կապերն ակտիվացել են:

Լորդերի պալատի խոսնակի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայկական սփյուռքի դերակատարությունը Հայաստանի զարգացման գործընթացում:

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկ, որտեղ հանդիպում ունեցավ բանկի ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, ներդրումային դաշտին, գործարար միջավայրին, մտքեր փոխանակվեցին տնտեսական զարգացման վրա տարածաշրջանային խնդիրների ազդեցության շուրջ։

Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին և ծրագրերի քննարկմանն էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավար Ռոբերթ Ուոլթերսի հետ։

Բրիտանական խորհրդարանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ տարբեր կուսակցությունների ներկայացնող, Հայաստանի հետ բարեկամական խմբին անդամակցող խորհրդարանի մի շարք անդամների հետ։

Շուրջ երեք ժամ տևած հանդիպմանը տեղի ունեցավ մտքերի շահագրգիռ փոխանակում հայ-բրիտանական համագործակցության, Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը բրիտանացի խորհրդարանականներին մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031