Երեկ խորհրդարանում վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ ուշագրավ բացահայտում արեց: Նա հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է ամենացածր գնով, այն նույն գնով, որ վաճառում է Բելառուսին` 189 դոլարով:
Բայց այդ գինը՝ հասնելով Հայաստան, դառնում է 270 դոլար, քանի որ Ռուսաստանը Հայաստան մատակարարվող գազի նկատմամբ կիրառում է արտահանման 30 տոկոսանոց հարկ: Պարզ է, չէ՞, թե ինչու Ռուսաստանը այդ 30 տոկոսանոց հարկը չի կիրառում Բելառուսի նկատմամբ, բայց կիրառում է Հայաստանի նկատմամբ: Որովհետև Բելառուսը Մաքսային միության անդամ է, այսինքն` Ռուսաստանի հետ գտնվում է միևնույն մաքսային տարածքում, ինչը նշանակում է, որ Բեառուսին մատակարարվող գազն ազատվում է արտահանման հարկից: Իսկ ահա Հայաստանը չի մտնում Մաքսային միության մեջ, և այդ պատճառով Հայաստանին վաճառվող գազը հարկվում է և թանկանում:
Այս բացահայտումն ուշագրավ է նրանով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խորհրդարանում, ըստ էության, պաշտոնապես հաստատեց, որ Հայաստանը մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ մտնել Մաքսային միություն, ինչին ի պատասխան Ռուսաստանը թանկացնում է գազը: Բայց այս պատմության մեջ կա մի ուշագրավ դրվագ ևս: Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ սուբսիդավորելու է գազի գնի թանկացումը, և սուբսիդավորելու է 30 տոկոսով: Այսինքն` այն չափով, որչափով որ Ռուսաստանը թանկացնում է Հայաստանին վաճառվող գազը` ի հաշիվ դրա վրա արտահանման 30 տոկոսանոց հարկ սահմանելու: Եվ հենց այդ պատճառով է, որ հարց է առաջանում թե արդյոք Հայաստանի կառավարությո՞ւնն է սուբսիդավորում գազի գնի թանկացումը, թե այն միջազգային դոնոր կազմակերպությունները, ովքեր շահագրգռված չեն, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, և դա կանխելու համար պատրաստակամություն են հայտնել վճարել Հայաստանի՝ Մաքսային միությանը չանդամակցելու գինը, որը մոտավոր հաշվարկներով` տարեկան 150 միլիոն դոլար է կազմելու: Այս երկու թվերի`30 տոկոսանոց թանկացման և 30 տոկոսանոց սուբսիդավորման կրկնությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ոչ թե պատահական զուգադիպության հետ, այլ հենց տեղի ունեցող թանկացման և դրա սուբսիդավորման պատճառահետևանքային կապի բացահայտման հետ: Եվս մեկ հետաքրքիր հանգամանք. Ռուսաստանը թանկացնում է ոչ միայն սահմանին վաճառվող գազի գինը, այն 180-ից դարձնելով 270, այլ նաև Հայաստանում դրա բաշխման սակագինը: «ՀայՌուսգազարդը» մինչև այժմ գազի տեղափոխման և սպառողներին հասցնելու համար յուաքանչյուր 1000 խ/մ-ի համար ստանում էր 150 դոլար, մինչդեռ այժմ պահանջում է 260 դոլար: 221 հազար` մեկ խմ գազի դիմաց առաջարկվող սակագինը սահմանին ստացած 270 դոլար սակագնի և դրա բաշխման համար պահանջվող 260 դոլարի գումար: Եթե մատակարարվող գազի սակագինը սուբսիդավորվում է` ի հաշիվ արտաքին դոնորների, ապա արդյո՞ք հնարավոր չէ իջեցնել կամ սուսիդավորել բաշխման գինը ևս: ԱԺ-ում տեղի ունեցած մեկ այլ երկխոսություն էլ կարող է տալ այս հարցի պատասխանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի կարծիքով` գազի գնի թանկացումը Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն է: Փոստանջյանն իր պնդումը բացատրում է նրանով, որ Հայաստանի իշխանությունները ձախողեցին Ռուսաստանի հետ բանակցությունները, որի արդյունքում Ռուսաստանը թանկացրեց Հայաստանին վաճառվող գազը: Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասում է, որ Հայաստանը ինքը գազ չի արդյունահանում, և գազը մի ապրանք է, որը Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից, և այդ պատճառով չի կարող ինքնակամ սահմանել Հայաստանի և հայ ժողովրդի համար ընդունելի սակագին: Զարուհի Փոստանջյանն էլ առաջարկում է, որ Հայաստանն էլ Ռուսաստանին վաճառի իր «ապրանքը»` Հայաստանում տեղակայված ռազմաբազայի տարածքը և տեղակայման իրավունքը, որոնք Հայաստանում պետք է գտնվեն 49 տարով և առանց վճարի: Փոստանջյանն առաջարկում է փոխել ռազմաբազայի՝ Հայաստանում տեղակայման պայմանները, և դրա դիմաց ստացած վճարով մեղմել գազի գնի թանկացումը: Հովիկ Աբրահամյանն էլ նշում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են:
Կարդացեք նաև
Կարելի է ենթադրել, որ «ՀայՌուսգազարդի» առաջարկած սակագինը դեռ սակարկման առարկա է, և Հայաստանի իշխանությունը, որքան էլ կախված լինի Ռուսաստանի իշխանություններից, կարող է բարձրացնել ռազմաբազայի հարցը և դրա տեղակայման համար վճար պահանջել, կամ այդ վճարից հրաժարվելու դիմաց պահանջել, որ Ռուսաստանի սեփականությունը հանդիսացող «ՀայՌուսգազարդ» ընկերությունը սահմանի գազի բաշխման ավելի ընդունելի կամ խելամիտ սակագին: Ի վերջո, միանգամայն տրամաբանական է, որ եթե Ռուսաստանն ուզում է իր գազը միջազգային սակագներով վաճառել «ռազմավարական դաշնակից» Հայաստանին, Հայաստանն էլ պետք է միջազգային նորմերի համաձայն` պահանջի վճարել իր տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման համար: Կարծում ենք, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ մտածի, թե Ռուսաստանն այդքան ծախս է անում և այստեղ ռազմաբազա է պահում` հանուն Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության ապահովման: Եթե Ռուսաստանն այդքան մտահոգեր Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը, ապա Ռուսաստանը ընդամենը գազը կվաճառեր այն գնով, ինչ գնով որ վաճառում է Բելառուսին:
Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ
«168 ԺԱՄ»