Սաստիկ պտտահողմի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ, նահանգը տարերային աղետի գոտի է հայտարարվել
Միացյալ Նահանգների կենտրոնական մասում գտնվող Օկլահոմա նահանգում ժամում 320 կիլոմետր արագությամբ քամիներ առաջացրած պտտահողմի հարվածը դարձել է 51 զոհի և զանգվածային ավերածությունների պատճառը:
ԱՄՆ-ի օդերևութաբանական ազգային ծառայության համաձայն, պտտահողմի ուժգնությունը եղել է ամենաուժգին երկրորդ՝ «EF-4» աստիճանի:
Նահանգի իշխանությունների փոխանցմամբ, զոհվածների թիվը դեռևս կարող է աճել: Զոհերի թվում են երեխաները, որոնք գտնվում էին դպրոցում այն ժամանակ, երբ տարածքը ենթարկվել էր պտտահողմի հարվածի:
Կարդացեք նաև
Տարերային աղետի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել են Օկլահոմա նահանգի Մուր արվարձանի տները: Վնասվածքներ է ստացել առնվազն 120 մարդ:
Օկլահոմայի նահանգապետ Մերի Ֆոլինը ոտքի է հանել Ազգային գվարդիան և ոստիկանության լրացուցիչ ուժեր՝ փրկարար աշխատանքներին աջակցելու նպատակով:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման աղետի գոտի է հայտարարել Օկլահոմա նահանգը՝ հրաման արձակելով ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը տրամադրել նահանգին անհրաժեշտ ցանկացած տեսակի օժանդակություն:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»