Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուզում ես դասական մոտեցիր, ուզում ես՝ անդասական, ԲՀԿ-ն պատասխանատվություն կրում է

Մայիս 21,2013 09:21

Հետաքրքրաշարժ է անդրադարձը հարցին, թե, այնուամենայնիվ, «ո՞րն է ԲՀԿ-ի տեղն ու դերը ներկա քաղաքական դաշտում»:
Այստեղ Գագիկ Ծառուկյանը նախ ընդգծում է. «Ինձ համար քաղաքականության մեջ ամենաառանցքային սկզբունքներից մեկը պատասխանատվությունն է, այդ թվում՝ անձնական եւ թիմային պատասխանատվությունը»:
Այնուհետեւ նա անդրադառնում է 2012թ. ԱԺ ընտրություններից հետո կոալիցիա չկազմելու իրենց որոշմանը եւ մասնավորապես նշում. «Այս պայմաններում ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել իշխող կառավարող կոալիցիայի, քանզի մենք պայքարում էինք ոչ թե պաշտոնների, այլ մեր ծրագրերը կյանքի կոչելու, իրականացնելու համար: Ծրագրեր, որոնցից, անշուշտ, կշահեր միմիայն ժողովուրդը: Որեւէ պաշտոն ինձ ու իմ քաղաքական թիմի համար ինքնանպատակ չէ:
Մենք կամովին հրաժարվեցինք նախարարական աթոռներից, մարզպետների եւ այլ պաշտոններից: Սա եղել է մեր գիտակցված ընտրությունը: Այսպիսով, մենք փաստում ենք, որ մաս չենք իշխանության եւ հետեւաբար պատասխանատվություն չենք կրում այս կառավարության գործունեության համար»:
Սա հարցազրույցի առանցքային շեշտադրումներից մեկն է, եւ այն արժե փոքր-ինչ հանգամանորեն դիտարկել։ Այո, ԲՀԿ-ն թե՛ 2012 թվականին ձեւավորված, թե՛ վերջերս վերաձեւավորված կառավարության մաս չի կազմում, բնականաբար պատասխանատու չէ այդ կառավարության գործունեության համար։ Սա պարզից պարզ է, ինչպես դասական, այնպես էլ ոչ դասական մոտեցումներով։
Բայց նույն ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ստեղծման ժամանակվանից (իսկ այն որպես իշխանական ուժ էլ ստեղծվել է), կարելի է ասել, իշխանության մաս է կազմել, եղել է կառավարության կազմում, խորհրդարանական մեծամասնություն է ունեցել որպես կոալիցիայի լիիրավ անդամ։ Ամբողջ 5 տարի։
Հարց է ծագում. իսկ այդ 5 տարվա գործունեության համար ԲՀԿ-ն ու Գ.Ծառուկյանը պատասխանատո՞ւ են։ Տրամաբանորեն՝ այո։ Բայց արի ու տես, որ այդ 5 տարիներից հատկապես վերջին տարում, ԱԺ ընտրություններին ընդառաջ, ԲՀԿ-ն սկսեց ընդդիմադիրից ավելի ընդդիմադիր մոտեցումներով «քլնգել» առկա իրավիճակը, որը ձեւավորվել է նաեւ հենց իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ։ Չէ՞ որ գործել են կառավարության կազմում, կողմ են քվեարկել ԱԺ-ում եւ այլն։
Ուզում ես դասական մոտեցիր, ուզում ես՝ անդասական, պատասխանատվություն կրում են։ Թե՞ ԲՀԿ-ում կարծում են, որ այդ քվեարկությունները կամ մի քանի նախարարական ու մարզպետական պորտֆել ունենալն՝ էնպե՜ս, դիպվածային բաներ են, պատահմունք։
Վերադառնանք ԲՀԿ տեղին ու դերին. «Անվստահության եւ թշնամանքի այս մթնոլորտը պետք է փոխել, երկրում պետք է հաստատել հանդուրժողականության եւ փոխվստահության մթնոլորտ: Եվ այս հարցում ԲՀԿ-ն պատրաստ է ստանձնել որոշակի դերակատարում: Հավատացեք, սա բարդ եւ ինչ-որ տեղ նաեւ անշնորհակալ գործ է, քանի որ այսպիսի մթնոլորտում նման կեցվածքը շատերը չեն հասկանա, կամ չեն ցանկանա հասկանալ։
Հայաստանյան իրավիճակը հաշվի առնելով է, որ ԲՀԿ-ն մնում է որպես այլընտրանք իշխանությունների վարած քաղաքականությանը։ Եթե ամեն ինչ իրապես խաղաղ լիներ, ինչպես այսօր հայտարարում են ոմանք, ապա այդ ի՞նչ մի դժվար բան էր ընդդիմություն լինելու մասին հայտարարություն անելը»։
Այսպիսով Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, վերահաստատում է մի քանի օր առաջ արած հայտարարությունը։ Ըստ այդմ՝ ԲՀԿ-ն մնում է այլընտրանքային դիրքերում եւ «դասական մոտեցումներով» ընդդիմադիր կուսակցություն չէ, չնայած դասական քաղաքագիտությունը հակառակն է կարծես հուշում։
Հետաքրքրությունից զուրկ չէ նաեւ անդրադարձը հարցին, թե՝ «կա տեսակետ, որ Յուրի Վարդանյանին սպորտի նախարար նշանակելուց հետո դուք կդադարեցնեք մարզաշխարհին ցուցաբերվող ձեր անձնական օգնությունը»։
Գագիկ Ծառուկյանը պատասխանել է. «Այն պահից, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել կառավարող կոալիցիային, անկեղծ ասած, ես ունեմ զրոյական հետաքրքրություն, թե ով ինչի նախարար է:
Հաջորդը` ձեր հարցին պատասխանեմ հարցով` իսկ ի՞նչ է, ձեզ թվում է, թե նախկինում ես օգնել եմ մեր մարզաշխարհին նախարարների խաթե՞ր, կամ շնորհիվ: Իհարկե` ոչ: Այնպես որ, իմ ծրագրերում այս առումով որեւէ բան չի փոխվելու՝ ինչին դուք ականատես կլինեք առաջիկայում:
Իսկ եթե հարցին ավելի լայն նայենք, ապա ասեմ, որ սպորտի նախարարություն Հայաստանին երեւի այնքան էլ պետք չէ: Պետական միջոցների խնայողություն կլիներ, եւ սուղ միջոցները կարելի կլիներ առավել արդյունավետ տնօրինել: Ի դեպ, նույնը վերաբերում է մի քանի նախարարությունների եւս»:
Հետաքրքիր է, մեր բոլո՞ր գործիչներն են «հետին թվով» այսպես գործնական ու խնայող։ Մի 4-5 տարի, եթե չենք սխալվում, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը հենց ԲՀԿ ներկայացուցիչներն էին զբաղեցնում։ Այն ժամանակ, ուրեմն, դա անհրաժեշտություն էր։ Հիմա, երբ նախարարը ԲՀԿ-ական չէ, «միջոցների խնայողությունից» են խոսում։
Շատ բնութագրական, անգամ, կարելի է ասել՝ դասական մոտեցում է։

Մ.ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031