Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստը չի բացառում, որ իշխանական թեւից են սպանված զինվորի ծնողներին հրահրել դին Երեւան բերել

Մայիս 20,2013 22:51

«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը, ով շաբաթ օրը զինվորի սպանության առիթով կառավարության շենքի առջեւ  բողոքի ակցիայի մասնակիցներից էր, վստահեցնում է, իրենց ակցիան նախապես պլանավորված չի եղել:

«Կայքերից ինֆորմացիա ստացանք, որ ժամը մեկի կողմերը լինելու են կառավարության շենքի մոտ, որտեղ պատասխան են պահանջելու երեխու մահվան համար: Այդ պատճառով որոշեցինք գնալ կառավարության շենքի մոտ, բայց մեզնից նրանք, որոնք տրանսպորտային միջոցներ գտան, լրագրողների հետ ուղեւորվեցին դեպքի վայր»,- Aravot.am-ին պատմեց Ծովինար Նազարյանը:

Ինչ վերաբերում է հուղարկավորության նախորդող օրը Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողներին դիակը Երեւան բերելու հարցում իրավապաշտպանների ուղղորդումներին, Ծ. Նազարյանը պատասխանեց. «Մենք ուրախ կլինենք, որ անուններ հրապարակեն: Իրականում իշխանական թեւը ոչ ֆորմալ կերպով տեղեկություններ է տարածում, որ անվստահություն սերմանի հ/կ-ների նկատմամբ, որ նրանց ներկայությունը բացասաբար ներկայացվի: Ինչու, որովհետ հ/կ- ները աջակցել են օմբուդսմենի գրասենյակի աշխատակցին, երբ նա ցանկացել է ներս մտնել Վանաձորի ռազմական ոստիկանություն, որտեղ պահվում է այս գործով կալանավորվածը: Սա բարկացրել է պաշտպանության նախարարությանը ու իրավապահ մարմիններին, դրա համար էլ նման հերյուրանքներ է են տարածում: Եթե ուղղորդող եղել է, վստահ եմ, որ իրական իրավապաշտպան կազմակերպություններից չեն եղել, չի բացառվում որ հենց իշխանական թեւի մարդիկ են եղել, բայց այդ հարցերը թող իրենց մեջ լուծեն եւ չմեղադրեն իրավապաշտպաններին»:

Նա վստահ է, եթե սպանվածի հարազատները դին չպլանավորեին բերել Երեւան, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուշադրությանը դեպքը չէր արժանանա.«Այն, որ Սեյրան Օհանյանը կյանքում առաջին անգամ գնաց շարքային զինվորի, ոչ բարձրաստիճան զինծառայողի հուղարկավորությանը, փաստում է այն մասին, որ եթե ընտանիքը նման բողոքի ծայրահեղ միջոցի չդիմեր, նախարարը ընդհանրապես հուղարկավորությանը չէր երեւա եւ ոչ մեկի ճակատը չէր համբուրի: Իրականում Սեյրան Օհանյանը, Վովա Գասպարյանն ու նրանց տեղակալները գնացել էին ընդառաջ, որ կասեցնեին երթը Երեւան, ինչու, որովհետեւ շատ լուրջ մարտահրավեր էր դառնում իշխանության համար: Իրենք իրենց իշխանությունը պահելու խնդիր ունեին: Սեյրան Օհանյանը գնաց ավելի մեծ խնդրից խուսափելու համար»:

Անդրադառնալով ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությանը, թե սպանվածը, ըստ նախնական տվյալների, հրահրել է վեճը, ժամապահին հայհոյանք տվել, Նազարյանն ասաց. «Ինձ թույլ չեմ տա զոհին հերթական անգամ վարկաբեկել, ինչպես իրենք են անում համարյա բոլոր քրեական գործերով՝  անկախ նրանից թե պաշտոնական վարկածը սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն է: Ես ինձ թույլ չեմ տա նաեւ Սեյրան Օհանյանի նման կանգնել ու նախնական վարկած պատմել համագյուղացիների եւ լրագրողների ներկայությամբ: Ես վստահ եմ, որ Սեյրան Օհանյանին այդ մասին զեկուցել էր զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, իսկ մենք զինդատախազ Կոստանյանի վարած գործերի որակը շատ լավ գիտենք: Թե ինչպես է ե՛ւ տեղազննության, ե՛ւ դիազննության, ե՛ւ ապացույցների հավաքման ժամանակ փչացնում գործերը, եւ վկաներին ինչպես են խոշտանգում ռազամական ոստիկանության բաժանմունքներում: Վկային դարձնում ամբաստանյալ, ամբաստանյալին՝ վկա: Արծրուն Հովհաննիսյանը զինդատախա՞զ է, քննի՞չ, թե՞ այնտեղ ականատես է եղել, ո՞նց է թույլ տալիս իրեն նման հայտարարություններ անել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031