Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են խստորեն պատժել անձանց, որոնք նախաձեռնել են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ապօրինի գործողություններ

Մայիս 20,2013 20:30

Ս.թ. մայիսի 18-ին լրագրողական գործունեությանը կոպտորեն խոչընդոտելու հերթական միջադեպերն են արձանագրվել Սեւան-Երեւան ավտոմայրուղու Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտակայքում, երբ զորամասերից մեկում զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին։ Ուժային կառույցների ներկայացուցիչները նախ կանգնեցրել են լրագրողներին տեղափոխող մեքենաները՝ թույլ չտալով մոտենալ այն հատվածին, որտեղ փակվել էր հանգուցյալի հարազատների եւ համագյուղացիների ճանապարհը, այնուհետեւ հարձակվել են լրագրողների վրա եւ բռնություն գործադրելով՝ խլել տեսաձայնագրող սարքերը՝ պատճառաբանելով, թե նկարահանումներն արգելելու հրաման ունեն «վերեւից»։

Մասնավորապես՝ համազգեստավոր եւ քաղաքացիական հագուստով անձինք, բռնի ուժով եւ հայհոյելով, խլել եւ կոտրել են «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի տեսասարքը, որն ավելի ուշ վերադարձրել են՝ տեսանյութերը ջնջած։ Ռազմական ոստիականության աշխատակիցները բռնությամբ խլել են նաեւ «Lragir.am» կայքի թղթակից Սիրանույշ Պապյանի տեսասարքը եւ ջնջել մինչ այդ պահը կատարված տեսագրությունները, իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբից վերցրել են տեսանյութերի կրիչը, որն ավելի ուշ վերադարձրել են ոստիկանապետի միջամտությամբ միայն։ Ի դեպ, երբ լրագրողները նկարահանումներն արգելելու վերաբերյալ հարց են ուղղել դեպքի վայր հասած ոստիկանապետին եւ պաշտպանության նախարարին, վերջիններս պատասխանել են, թե իրենք նման հրաման չեն արձակել։

Մենք՝ ներքոստորագրյալներս, այդ միջադեպերը գնահատում ենք որպես խոսքի ազատության ակնհայտ ոտնահարում, մեր համերաշխությունն ենք հայտնում հարձակումների ենթարկված գործընկերներին եւ ուժային կառույցների ղեկավարներից պահանջում ենք իրականացրել ծառայողական հետաքննություն ու խստորեն պատժել այն անձանց, որոնք նախաձեռնել են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ նշված ապօրինի գործողությունները:

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում հաճախադեպ են դարձել լրագրողների գործունեության խոչընդոտումները հենց ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից՝ կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ իրականացնել նման հանցավոր արարքները բացառելու ուղղությամբ։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031