Կապան համայնքի աղբահանությունը բարելավելու ու պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը նվազեցնելու նպատակով՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի ֆինանսական աջակցությամբ ընթացիկ ամսվանից Կապանում նախատեսում է իրականացնել «Պլաստիկ թափոններից զերծ Կապան» ծրագիրը: Բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրի շրջանակներում տեղաբնակ կանանց կողմից բազմակի օգտագործման տոպրակներ կկարվեն եւ կտրամադրվեն խանութներին՝ գնորդներին պոլիէթիլենային մեկանգամյա օգտագործման տոպրակների փոխարեն դրանցով սպասարկելու համար: Մեկ տոպրակի ինքնարժեքը կլինի 1200-1500 դրամ, որի մեջ ներառվում է նաեւ պատրաստման աշխատանքի գումարը, սակայն խանութներին եւ գնորդներին դրանք կբաշխվեն անվճար:
Նմանատիպ ծրագիր վերջերս իրականացվել էր նաեւ Գյումրի եւ Ախուրյան համայնքներում, որի արդյունքները ծրագրի պատասխանատուները գոհացուցիչ են համարում եւ մտադիր են փորձը կիրառել նաեւ Կապանում: Վերջիններս ընդգծում են, որ ցելոֆանե տոպրակները չարիք են դարձել Հայաստանի ողջ տարածքում, դրանք ամենուր են՝ դաշտերում, ծառերի վրա, քաղաքներում, մայրուղիների եզրերին, գետերի հուներում եւ ոչ միայն բնապատկերն են տգեղացնում, այլեւ բնապահպանական լուրջ վնասներ են ներկայացնում: «Ծրագրի նպատակն է հոգածություն ցուցաբերել շրջակա միջավայրի նկատմամբ, օգնել Կապան համայնքին աղբահանությունը բարելավելու: Նախ նպատակ ունենք նվազեցնել պլաստիկ աղբի քանակը Կապանում եւ արդյունավետ դարձնել դրա հեռացումը: Բազմակի օգտագործման 1500 տոպրակ է կարվելու տեղում՝ կանանց խմբերի կողմից, ովքեր դրա դիմաց կվարձատրվեն, եւ այդ տոպրակները շջանառության մեջ կդրվեն՝ նպատակ ունենալով նվազեցնել պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը եւ խթանել բազմակի օգտագործման տոպրակների օգտագործումը, ինչը մոռացված ավանդույթի վերականգնումն է»,- ասաց ծրագրի ղեկավար, հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը:
Մոտ 5 մլն դրամ արժողությամբ ծրագրի տեւողությունը 6 ամիս է եւ կավարտվի հոկտեմբերի վերջին: Այդ ընթացքում նախատեսվում է իրականացնել իրազեկման եւ հանրային կրթության միջոցառումներ՝ առցանց դասընթացներ կկազմակերպվեն քաղաքի մի քանի դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ, կանցկացվեն բաց դասեր եւ տարածքների մաքրման ակցիաներ կկազմակերպվեն: «Որպեսզի պոլիէթիլենի կիրառումը նվազի եւ բազմակի օգտագործման պայուսակներն կիրառության մեջ մտնեն, ապա դրա համար նոր օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ»,-հավելեց Նունե Ղազախեցյանը:
Այսօր ծրագրի ներկայացման նպատակով կազմակերպված քննարկում-հանդիպման ժամանակ միջոցառման մասնակից տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց տեսակետները, նկատառումները եւ առաջարկները, տեղեկացրեցին, որ մի քանի տարի առաջ նմանատիպ ծրագիր Կապանում իրականացվել էր Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից:
Նաեւ նշվեց, որ կարճաժամկետ կամ այլ տեւողությամբ իրականացվող ծրագրերն արդյունք չեն տա, եթե հանրության շրջանում գիտակցական ճիշտ մոտեցում չլինի խնդրին եւ հասարակությունը չփորձի այլ տեսանկյունից մոտենալ:
Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նախատեսվում է ծրագիրն ընդլայնել եւ քաղաքապետարանի հետ համատեղ նվազեցնել նաեւ պլաստիկ շշերից առաջացած աղբի ծավալները:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ