Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյանը ԲՀԿ-ին՝ «Մոմ վառեք, մեղքերի թողություն խնդրեք, ոչ թե արյունոտ ձեռքով գնահատական տվեք»

Մայիս 20,2013 20:03

«Ո՞վ է Նաիրա Զոհրաբյանը, չեմ ճանաչում: Գիտեք, մանդատ ունենալը դեռ չի նշանակում լավ պատգամավոր լինել: Մի անգամ Ռոբերտ Քոչարյանն է իրենց նվիրել մանդատ, հիմա էլ Սերժ Սարգսյանը: Դա դեռ չի նշանակում, որ իրենք քաղաքական գործիչ են: Պառլամենտում նստելը հենց հակառակն է վկայում: Հիմնականում պառլամենտում նստածների համարյա բացարձակ մեծամասնությունը քաղաքական գործիչ լինելուց շատ հեռու է: Մանդատով քաղաքական գործիչ չեն դառնում, էլի: Նվերներ ա՝ ստացել եք, տաք տեղ ա՝ նստել եք, իշխանության հետ կիսում եք ձեր կերակրամանը, զբաղվեք ձեր գործով: Ի՞նչ գործ ունեք դուք ընդդիմության հետ: Թող իրենց մասին մտածեն, փորձեն իրենց արարքներին գնահատական տան, փորձեն իրենց սխալներից ազատվեն, ի՞նչ գոր ունեն ուրիշների պրոբլեմների հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում Քրիստոեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսպես պատասխանեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի քննադատությանը, որ իրենք չեն լինելու մակեյանների, գիմիշյանների, դավիթ շահնազարյանների նման ընդդիմություն»: Նա Zham.am-ին ասել էր՝ «Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը մշտապես օգտվում է իշխանության ստվերային բարեհաճությունից: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը խիստ կոնկրետ հարցերի շուրջ օրվա տարբեր ժամերի ունի տարբեր տեսակետ` կախված իշխանական տարբեր հոսանքներից»:
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկմանը, որ չեն լինելու ընդդիմություն, որը հազարավոր մարդկանց կարող է տանել հնարավոր առճակատման ու գնալ Ծիծեռնակաբերդ՝ Սոս Գիմիշյանն ասաց. «Իրենք իշխանություն են: Նույն իշխանությունն են, որը այդ նույն հազարավոր մարդկանց վրա կրակում է: Իրենց արյունոտ ձեռքերով գնահատական են տալիս ոչ թե իշխանությանը՝ իշխանություն լինելով, այլ ընդդիմությանը: ԲՀԿ-ն նախ թող իրենից սկսի, նախ թող պատմեն, թե ինչպիսին է իրենց իշխանությունը: 2008-ին հՀենց իրենց կուսակցությունն ակտիվ մասնակցություն է ունեցել ոչ միայն քաղաքական վճիռ ընդունելուց, այլ նաեւ կրակելուց: Այդ արյունն իրենց վրա էլ է, քաղաքական պատասխանատվություն են կրում: Այդ կարգի մարդիկ թող իրենցից սկսեն, իրենց իշխանությանը գնահատականներ տան: Ինչ վերաբերում է՝ ինչի չեն ուզում լինել ընդդիմություն, նախ իրենք երբեք չեն եղել ընդդիմություն: Սա առաջինը: Երկրորդը՝ էդ ո՞վ է ասել, որ իրենք եթե ուզեն, կարան դառնան ընդդիմություն: Իրենք ովքե՞ր են, որ որոշեն՝ իրենք ընդդիմությո՞ւն են, թե՞ չէ: Էդ որոշումները լրիվ ուրիշ տեղ են կայացվում, թե իրենք ինչ պիտի լինեն: Իրենք լինում են էն՝ ինչ որոշում են»:

Սոս Գիմիշյանը նաեւ հորդորեց ԲՀԿ-ականներին, որ մեղքերի քավության գնան. «Ոնց որ թե իրենց կուսակցությունը վերջերս եկեղեցի է բացել: Արժի, որ Նաիրա Զոհրաբյանն իրենց եկեղեցիում ամեն օր մոմ վառի ու աղոթք անի: Հիմա մոդա է՝ պատճառաբանություն են փնտրում, թե իրենք Գասպարյան Վովայի հետ չեն ուզում  մոմ վառեն: Ուրեմն Գասպարյան Վովայի աղոթքն ու մոմը իրենց աղոթքին ու մոմին վնաս չի տա՝ հաստատ: Թող մոմ վառեն, մեղքերին թողություն խնդրեն, հետո նոր փորձեն գնահատական տալ: Գիտեք, ես մարդ եմ, անթերի մարդ գոյություն չունի, եւ կարող են նաեւ իմ դիրքորոշումները, իմ գործողությունները քննադատվեն: Բայց եթե ԲՀԿ-ն մինչեւ կոկորդը պրոբլեմների մեջ է, արյունոտ ձեռքերով անհասկանալի գնահատական են տալիս, ես լուրջ չեմ վերաբերվում: Որ կին է, ներելի է իրեն: Տղամարդ չի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Avagyan says:

    Տեսնես կա մարդ, որ այդ Գիմիշյանին ճանաչում է ??

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031