Իրավապաշտպան Արթուր Սաքունցը քննադատում է սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի դին Երեւան տեղափոխելու վերաբերյալ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը, թե «դա լրիվ կազմակերպված է եղել»:
«Պաշտոնական տեսակետն է, թե դա հրահրված է եղել, դրդել են: Ես հարց եմ տալիս, ո՞վ է հրահրել, ո՞վ է դրդել, ո՞վ է եղել: Նախարարության մամուլի խոսնակը պետք է հրապարակի ինֆորմացիայի աղբյուրը, կամ ով է գնացողը եղել: Եթե դու ասում ես, որ հրահրող է եղել ու դա արել է իրավապաշտպան կազմակերպությունը, ապա բարի եղիր հրապարակել անունը: Շատ իրավապաշտպան կազմակերպություններ եւ հ/կ-ներ կան, թող հրապարակի հրահրողի անունը: Դա համարում եմ ապատեղեկատվություն եւ խառնաշփոթ ստեղծելու միտում, ապատեղեկատվություն, որի նպատակը բուն խնդրից ուշադրությունը շեղելն է: Հաստատ այդ իրավապաշտպան հ/կ-ն պատասախանատու չէ այն պատճառների համար, որը հանգեցրել են այդ դեպքին»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ մեկնաբանելով իրավապաշտպան կազմակերպություններին ուղղված մեղադրանքները, թե իրենք են սպանված զինվորի ծնողներին հրահրել նրա դին Երեւան բերելու հարցում:
Նա ապատեղեկատվություն է համարում նաեւ ՊՆ մամուլի խոսնակի մեկ այլ հայտարարություն, թե նախնախան տվյալներով սպանվածը ինքն է հրահրել դեպքը, ժամապահին հայհոյանք տալով. «Նա գերազանցում է սեփական լիազորությունները, որովհետեւ նման դեպքերում, երբ ուսումնաիրությունների հիման վրա ենք հարցեր բարձրացնում, ասում ենք քննությամբ կպարզվի, իսկ հիմա մինչեւ քննության պարզվելը տալիս են կանխակալ վերաբերմունք, որը նույնպես գնահատում եմ ապակողմնորոշման դրսեւորում» :
Պարոն Սաքունցը, հաշվի առնելով բանակում մահացության դեպքերի քննության փորձը, կասկածներ ունի, թե արդյոք օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն կկատարվի. «Առավել եւս, որ մի դեպքում լրիվ մեղադրում են ու ամբողջ դժգոհության սլաքն ուղղում են արդեն կալանավորված զինծառայողի ուղղությամբ եւ ոչ մեկ չի ասում` որոնք են այն պատճառները եւ այն հանգամանքները, որոնք հանգեցրել են զենքի կիրառմանը: Կրկին չսպասելով քննության արդյունքներին` պաշտոնական ամենաբարձր մակարդակով տրվում են գնահատականներ, ըստ էության, կանխորոշում են քննության ելքը: Սա արդեն իսկ կասկածելի է ու օբյեկտիվ մոտեցում չէ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ