Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը գնահատել է հավասարակշռված, կոռեկտ շեշտադրումներով, որը զերծ է ծայրահեղ գնահատականներից:
Անդրադառնալով Ծառուկյանի այն մտքին, թե իր համար տեսանելի չեն, թե Հայաստանի համար կարեւոր հարցերը որտեղ են լուծվում` իշխանական միջանցքներում, կուսակցական համաժողովներում, թե այլ տեղ, Շարմազանովը իր գործընկերոջը մի խորհուրդ ուներ ընդամենը:
«Իմ հարգարժան գործընկերը եթե ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանն ավելի հաճախ հաճախեր ու մասնակցեր ազգային անվտանգության խորհրդի նիստերին, ապա նման հարց չէր ունենա»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԲՀԿ առաջնորդի խոսքով, քանի որ ԲՀԿ-ն այլեւս կառավարության մաս չէ, ուստի պատասխանատվություն չունի այս կառավարության գործունեության համար: Ըստ ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահի՝ այս դեպքում ավելի ազնիվ կլիներ, որ հրաժարական տային ոչ թե ԲՀԿ-ական նախարարները, փոխնախարարները, մարզպետները, այլ բոլոր նրանք, ոքվեր ԲՀԿ են եւ աշխատում են պետական կառույցներում: «Հիմա նրանց համար հստակ չէ` պատասխանատու են արդյոք կառավարության համար»,-ասաց Շարմազանովը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի այն մտքին, թե հանդուրժողականություն չկա ընդդիմության եւ իշխանության միջեւ, Շարմազանովը ասաց, որ 2008թ-ի համեմատ դրական տեղաշարժեր կան: Գագիկ Ծառուկյանի գնահատմամբ, Հայաստանում բացակայում է դասական քաղաքականությունը:
«Հայաստանում այն ժամանակ կձեւավորվի դասական քաղաքականության մշակույթ, երբ քաղաքականությամբ զբաղվեն բացառապես քաղաքական գործիչները»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը: