Իսկ տղամարդկանց 85-90 տոկոսը այս պահին խոպանում են
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզի ամենամեծ գյուղերից մեկի` Ազատանի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանը: Նրա ասելով, գյուղի տղամարդկանց 85-90 տոկոսը այս պահին խոպանում են. մեծ մասը հեռավոր Յակուտիայում, 5 տոկոսը Մոսկվայում, նույնիսկ հասել են Ալյասկայի ափերը: Ավագանու անդամի ասելով, գազի թանկացման լուրը արդեն իսկ ոտքի է հանել գյուղի կանանց, ովքեր մտածում են ամուսինների ուղարկած տրանսֆերտները կապույտ վառելիքին տալու ու ոչ մի բան հետ չգցելու փոխարեն, ընտանիքով միանգամից տեղափոխվել ամուսինների մոտ: «Ես, որպես ավագանու անդամ, իմ պարտքն եմ համարում գյուղի փողոցներով շրջել ու մարդկանց հարցնել `ի՞նչ խնդիր կա, ասենք աղբահանությունը նորմա՞լ է: Երբ մի քանի օր առաջ դարձյալ սկսեցի հարցուփորձ անել, ասացին` էլ ոչ մի խնդիր էլ չկա, կարող ես էլ չհարցնել, միակ խնդիրը տոմսն առնելն ու Հայաստանից չվելն է: Գազի թանկացումը իրոք էժան չի նստի 7 ամիս շարունակ գազ վառող մեր գյուղացիների վրա, եթե գյուղացիների արտադրանքը օր օրի էժանանում է, գազն ու մնացածը թանկանում են , ո՞ր մի գյուղացին կուզի նման պայմաններում ապրել: Վստահ եմ, որ գյուղացիների մեջ կլինեն մարդիկ, ովքեր իրենց տունն ու տեղը կվառեն տաքանալու համար, ով դրսում մարդ ունի, կգնա, ով էլ չունի կամ իր տունը կվառի կամ էլ այգու անտառները վարին կտա: Եկեք հաշվարկ անենք, սեփական տունը տաքացնելու համար ամսական 100-150 հազար դրամ էր պահանջվում, այսինքն ամեն սեզոնի 1 միլիոնից ավել գումար պիտի ունենաս, եթե հիմա այդ գումարը ամսական կտրվածքով դառնում է 200-250 հազար դրամ, հո խոպաններում ոսկի չե՞ն կտրում, որտեղի՞ց էդքան գումար ուղարկեն, որ ամբողջ Յակուտիան էլ թալանեն, չեն հասցնի ,դրա համար գերադասում են ընտանիքներին կանչել: Սկսվում է ամենաահավոր արտագաղթը, ես աչքիս տեսածն եմ ասում :Երևի էնպես են ծրագրավորել, որ էս երկրում ընդհանրապես մարդ չմնա, էսպես էլ տեղ լինի՞, էլ չես ուզում ոչ մի բան իմանալ. ամեն մի նոր ինֆորմացիա մի նոր սթրեսի բույն է», -ասում է Գևորգ Աբրահամյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սա սկիզբն է, դեռ ավելի սարսափելիի սպասեք այս իշխանություններից, սրանք մտադիր են հայաթափ անել Հայաստանը և տարածքը անվճար հանձնել ռուսներին, միայն թե իրենց ձեռք չտան: Ոչ մի լավ բան մի սպասեք Սերժից ու իր վարչապետից: