Մայիսի 19-ին «Համազգային» թատրոնում տեղի ունեցած «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական փառատոնի մրցանակաբաշխության ժամանակ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի ներկայացումը ճանաչվել է լավագույնը:
Խոսքը Աղասի Այվազյանի մի քանի պիեսների հիման վրա բեմադրված «Ցուցակը» ներկայացման մասին է, որը ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի բեմում է հայտնվել 2008 թ-ին: Գեղարվեստական ղեկավարը և բեմադրիչը կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն է, դերասանները` թատրոն-ստուդիայի սաների հին և նոր սերունդները, ովքեր բոլորովին էլ թատերական կրթություն չունեն:
Չնայած «Ցուցակը» ներկայացումը կրում է Աղասի Այվազյանի միայն մեկ ստեղծագործության անունը, բայց այն մի քանիսի «խառնուրդն» է: Գործը պատմում է Հիսուսի` Իեշուայի դեմ աշխատող անտես ուժերի և նրանց ձեռքին կամա-ակամա խաղալիք դարձած դավաճանների մասին: Նրանք բոլորը պետք է խաչված Փրկչին վարկաբեկող արտահայտություններ գոռային, քարեր նետեին նրա վրա:
Մասնագիտական ժյուրին, ներկայացնելով 2-րդ և 3-րդ տեղերում հայտնված գործերը, հայտարարեց, որ ոսկե մրցանակակիր չի լինելու, սակայն քիչ անց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը հավելեց, որ ժյուրին, բարձր գնահատելով համալսարանականների կատարած աշխատանքը, միաձայն որոշել է «Համալսարանական» թատրոն-ստուդիային հանձնել առաջին տեղի համար նախատեսված արձանիկը:
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ ժյուրիի որոշման վրա ազդել է նաև այն, որ արվեստի ոլորտում լինելով ոչ պրոֆեսիոնալ՝ Մայր բուհի սաները կարողացել են բարձր մակարդակով բեմականացում ներկայացնել հանդիսատեսին: Այսինքն՝ մեր ոչ պրոֆեսիոնալ ներկայացումը պրոֆեսիոնալների շարքում առանձնացել է»,- հպարտությամբ նշում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Հավելենք, որ նախնական փուլում երիտասարդական բաց փառատոնին մասնակցելու համար 178 հայտ էր ներկայացվել: Մասնագիտական հանձնաժողովն ընտրել էր լավագույն 20-ին, որոնք էլ անցել էին հաջորդ փուլ:
«Այն, որ մենք հայտնվեցինք լավագույն 20-ի մեջ, արդեն իսկ հաղթանակ էր,- ասում է Կարինե Դավթյանը և հավելում,- իհարկե, նմանատիպ ձեռքբերումների համար նախ և առաջ պետք է շնորհակալ լինենք մեր ղեկավարությանը՝ ի դեմս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի, որոնց աջակցության և հոգածության շնորհիվ ենք մենք հաղթանակներ բերում Մայր բուհին. բուհ, որը միշտ էլ առանձնացել է ոչ միայն իր գիտակրթական բարձր մակարդակով, այլև ընդգծված մշակութային ոգով»:
Հիշեցնենք, որ մինչ այդ էլ «Ցուցակը» արդեն երեք անգամ մասնակցել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին:
Հ.Գ.: «ԱՐՏ ՖԵՍՏԸ»-ը մյուս փառատոններից տարբերվում է նրանով, որ միավորում է արվեստի մի քանի ճյուղեր` կինո, թատրոն, կերպարվեստ: Ի դեպ, համալսարանականները ներկայացված են եղել նաև կերպարվեստի բաժնում:
ԵՊՀ