Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարն ու փոխվարչապետը ճանապարհը փակած արմավիրցիներին հանգստացրել են

Մայիս 20,2013 17:33

Կարկուտից տուժած 46 գյուղերի բնակիչների բերքի 40-100 տոկոսը ռեալ տուժել է

Այսօր Արմավիրի մարզ տանող հիմնական ճանապարհը փակած 6 գյուղերի բնակիչներին, որոնց բերքը, ի թիվս 40 այլ գյուղերի, տուժել էր օրերս տեղացած ուժեղ կարկտահարությունից, գյուղնախարար Սերգո Կարապետյան ու ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հորդորել են սպասել մինչեւ առաջիկա օրերին վնասների իրական չափն իրենք կներկայացնեն ՀՀ նախագահին եւ վարչապետին: Փոխվարչապետն ու գյուղնախարարը ընդառաջ էին գնացել արդեն որերորդ անգամ բողոքի ակցիա կազմակերպած եւ ճանապարհները փակած արմավիրցիներին, քանի որ վերջիններս, չհավատալով կառավարության` գյուղացուն օգնելու խոստումներին, որոշել էին ոտքով շարժվել դեպի մայրաքաղաք` ակցիան նախագահականի առաջ շարունակելու մտադրությամբ:

Aravot.am-ի հարցին, թե գյուղնախարարն ու փոխվարչապետը ի՞նչ պայմանավորվեցին արմավիրցիների հետ, Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանն ասաց. «Գյուղացիների հետ համաձայնության եկան, որ ամբողջական պատկերը պարոն Գեւորգյանը կներկայացնի վարչապետին եւ հանրապետության նախագահին, այսօր կառավարության ծրագիրն էր քննարկվում Ազգային ժողովում, այսօր դա հնարավոր չէր: Հանձնաժողովները կազմվել են, վնասների չափն արդեն ուղարկել ենք: Ժողովրդի հետ պայմանավորվել են, որ ամենաուշը մինչեւ հինգշաբթի կհայտարարեն՝ օգնության տեսքով կլինի, փոխհատուցման, չեմ կարող ասել»:

Մեր հարցին, թե սա նորություն չէր, որ վնասների չափը պետք է ներկայացնեին, դրա մասին արդեն տեղեկացված էին գյուղացիները, ի՞նչն էր նրանց ստիպել, որ ակցիա անեին կրկին, պարոն Պետրոսյանն ասաց.«Այդ քանի օրը մինչեւ հանձնաժողովներն աշխատեցին, թե ինչ մշակաբույսից ինչքան կորուստ է եղել եւ այլն, գյուղացիները ոնց որ չէին համբերում: 46 համայնք է, այդ տեղեկատվությունը հավաքելու համար ժամանակ էր պետք: Արդեն ամեն ինչ պարզ է, եւ այն կներկայացվի առաջիկա օրերին»:

Թե կարկտահարությունից ընդհանուր առմամբ որքանի վնաս են կրել 46 գյուղերի բնակիչները, պարոն Պետրոսյանը կոնկրետ թիվ չնշեց, միայն ասաց, որ բերքի 40-100 տոկոսը տուժել է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը` Ա1+ ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031