Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկայի նախարարը նախագահին չի գցում. «Հերյուրանք է, գազի գինը չի բարձրացել»

Մայիս 20,2013 17:05

Aravot.am-ը այսօր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց՝ ԱԺ-ում կարծիք հնչեց, որ այս  կառավարությունը ապաշնորհ է եւ ՀՀԿ-ի ապաշնորհության արդյունքում է, որ մեզ վաճառվող  ռուսական գազի գինն այդքան բարձր է, համաձա՞յն եք այդ գնահատականի հետ:

Նախարարը պատասխանեց. «Դա նշանակում է, որ Ռուսաստանից բացի, բոլոր  մյուս պետությունների կառավարությունները ապաշնորհ են, հա՞: Էդ ասածը դա է նշանակում: Չեմ կարծում, որ էդ գնահատականի հետ կարելի է համաձայնել, որովհետեւ ամենաէժան գազը տաածաշրջանում վաճառվում է Հայաստանի Հանրապետությանը: Եթե կառավարությունն ապաշնորհ լիներ, ամենաէժանը չէր լինի, ավելի թանկ կլիներ»:

Լրագրողների դիտարկմանը, որ մեր ենթակառուցվածքները անընդհատ տվել ենք ՌԴ-ին, ինչպե՞ս հասկանանք, որ դրա արդյունքում իրենք տալիս են գազ այն գնով, ինչ գնով պետք է լիներ՝ նա հակադարձեց. «Հենց ընենց նվե՞ր ենք տվել՝ չէի ասի»:

Մեկնաբանելով Հրանտ Բագրատյանի խոսքերը, որ վերջնական գինը չեն ասում՝ նախարարն ասաց, որ կներկայացնեն այն մեթոդիկան, տրամաբանությունը, ինչի մեջ կատարվել են հաշվարկները. «Մենք ավելի էժան ենք գազ գնում, քան Վրաստանը»:

Մաքսային ծառայության հրապարակած վիճակագրության համաձայն, իրանական գազը 180 դոլար է մնացել, ոնց որ եղել է՝ նա պատասխանեց, որ Պարսկաստանի հետ մենք ոչ թե առք ու վաճառք ենք իրականացնում, այլ՝ փոխանակում. «Սա ուրիշ բան է: Մենք այդքան էներգետիկ հզորություններ չունենք, որ ամբողջ հանրապետության գազի անհրաժեշտ քանակը բարտերային եղանակով ներկրենք: Դա լուրջ էներգետիկ հզորությունով են անում»:

Նա վստահեցրեց, որ իրանական գազն ավելի էժան չէ, քան ռուսականը:

Մամուլում պարբեաբար շրջանառվում էր, որ գազը թանկանալու է, դրա մասին բարձրաձայնելու են ընտրություններից հետո:  Արմեն Մովսիսյանը հերքեց, որ դա որեւէ կապ ունի ընտրության հետ. «Գազի գները որ թանկանալու էր՝ բոլորս էլ գիտենք: Սա էլ հո վերջնական չի: Երբեք էներգակիրների գները չեն իջնում, բարձրացման միտում ունեն: Ընտրությունների հետ դա որեւիցե կապ չունի, դա գործընթաց է, որը սկսվել է 3 տարի առաջ»:

Իսկ երբ հիշեցրինք, որ ՀՀ նախագահն ասել էր՝ գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները հերյուրանքներ են, բամբասանք են՝ նախարարը պատասխանեց. «Դեռ չի բարձրացել, հերյուրանք է, բամբասանք, ինչ որ խոսում են էդ մասին: Այ, երբ որ գները կբարձրանան՝ ավելի պարզ կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «ՉԻ»- ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031