Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բացվեց լեհերենի կենտրոն
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Հայաստանում ԼՀ դեսպան Զդիսլավ Ռաչինսկին և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիսավոր պայմաններում բացեցին լեհերենի կենտրոն, որը ծառայելու է Հայաստանում լեհերենի ուսուցման տարածմանը և լեհական մշակույթի մասին գիտելիքի խորացմանը:
«Լեհաստանի դեսպանությունը և իմ երկիրը հնարավորին չափ կփորձեն օգտակար լինել և ջանքեր կգործադրեն Հայաստանում իմ երկիրն իմացող և հայ–լեհական հարաբերությունների զարգացման օգտին աշխատող մարդկանց խմբեր ստեղծելու համար»,– ասաց դեսպանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև «Կոլլաժ» հրատարակչության հետ համատեղ Հայաստանում ԼՀ դեսպանության կողմից հայերենով հրատարակված Լեհաստանի քարտեզը. « Հայաստանում եվրոպական երկրի առաջին քարտեզն է հայերենով հրատարակված: Լեհաստանը այն երկու երկրներից մեկն է, որ նախընտրել է արևելյան գործընկերության ձևաչափը, որի մեջ ներգրավված է նաև Հայաստանը»,-ասաց ԿԳ նախարարը:
Կարդացեք նաև
Լեհերենի կենտրոնի բացումը և քարտեզի ներկայացումը Հայաստանում ներկայում ընթացող «Լեհական օրեր»-ի շրջանակներում իրականացվող միջոցառումներից են:
Հայաստանում Լեհաստանի դեսպանատան քաղաքական բաժնի աշխատակից Մարիա Մարտիրոսյանը պրեզենտացիայի միջոցով ներկաներին ներկայացրեց Լեհաստանը, որտեղ ներառված էին երկրի խոշոր քաղաքները, հարևան երկրները, բնությունը, քաղաքական գործիչներին, ինչպես նաև այն լեհ գործիչներին, ովքեր ներդրում են ունեցել, թե Լեհաստանի, և թե համաշխարհային պատմության, գիտության և մշակույթի մեջ:
Միրզոյան ՔՐԻՍՏԻՆԱ