Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագ Արմֆան Սմբատյան. Գնաց, տեսավ, երկրպագեց Հենրիխ Մխիթարյանին

Մայիս 20,2013 16:46

Շատերը նրան ճանաչում են որպես Հենոյի ֆան Գագ ԱրմՖան: Նրան կարող եք հանդիպել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, երևանյան ստադիոններում, ՀՖՖ-ի մերձակայքում, «Hummel» մարզահագուստի խանութում, բայց նրան գտնելու ամենահեշտ եղանակը պարզապես Հենրիխ Մխիթարյանի facebook-յան պաշտոնական like-էջ հաճախելն է՝ ամենատարբեր գրառումներով ու մենկաբանություններով նա մշտապես այնտեղ է:

            Գագիկը դեռ 18 տարեկան է, սովորում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում, հաստատ որոշել է՝ մարզական լրագրող է դառնալու, հայկական ֆուտբոլի առաջին ֆան-ակումբի՝ «Առաջին հայկական ճակատի» ակտիվիստ է, բոլոր սոցիալական ցանցերում նրա nickname-ն է՝ ԱՐՄՖԱՆ: Տարվա բոլոր եղանկներին, անկախ ամեն ինչից, նա երկրպագում է Հենրիխ Մխիթարյանին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին, Երևանի «Փյունիկին» և Մադրիդի «Ռեալին»:Gagiky ev Henrikhi mayry_ tikin Marinan

Շատերի պես Գագիկին էլ թույլ չեն տվել ֆուտբոլիստ դառնալ՝ պատճառաբանելով, որ ֆուտբոլը Հայաստանում ապագա չունի: Սակայն չեն արգելել նայել ու երկրպագել: Սկզբում ընտանիքի օրինակին հետևելով է երկրպագել իսպանական գերակումբին, հետո, ինչպես ինքն է ասում, երբ սկսել է հասկանալ ֆուտբոլը, համոզվել է, որ սխալ ընտրություն չի արել: Հայաստանի ազգային հավաքականի առաջատարի ֆանատը ժամանակին երկրպագել է «Սերուցքայինների» նախկին ավագ Ռաուլին:

«Փյունիկի» և Հենրիխ Մխիթարյանի երկրպագու դարձել է 2008-09 մրցաշրջանից. «Հաճախում էի մեր առաջնության խաղերին, պարբերաբար հետևելով «Փյունիկի» խաղերին՝ սիրահարվել էի այդ ակումբին: Ես շատ հաճախ մտածում էի՝ իսկ ինչո՞ւ երկրպագել իսպանացու կամ ֆրանսիացու, ոչ թե հայի»: Այսպիսի մտքերով էլ Հայաստանի առաջնության 2008-09 մրցաշրջանի հերթական տուրում նկատեց Հենրիխ Մխիթարյանին (դա համընկնում է նաև այն շրջանի հետ, երբ Ռաուլը մադրիդցիների կազմում գրեթե խաղադաշտ դուրս չէր գալիս և, ի վերջո, հեռացավ ակումբից – Խմբ.): «Փյունիկի» և Հենոյի ֆանատը դառնալը կատարվել է շատ աննկատ, ինքն էլ չի զգացել՝ ինչպես: Հետո Հենոն տեղափոխվեց ուկրաինական ակումբ, և Գագիկը ստիպված էր հեռուստատեսությամբ հետևել իր կուռքին: «Այդ ամբողջ ընթացքում ուշի ուշով հետևել եմ նրա գործունեությանը և անկեղծ ուրախացել, հուզվել եմ նրա բոլոր հաջողություններով»,-ասում է Գագիկը և հավելում, որ ամենից լավ տպավորվել է հատկապես 2009-ին Հենոյի՝ Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Ինչպես ինքն է ասում՝ այդ ժամանակ նա հասկացավ, որ ամենամեծ ձեռքբերումները դեռ առջևում են:Henrikhy Gagikin e nvirum ir marzashapiky

Ինքն իրեն հաճախ համարում է Հենոյի լավագույն ֆանատներից մեկը, սակայն, իրականում չի սիրում, երբ խոսում են երկրպագուական մրցակցությունից. «Երկրպագուական մրցակցություն ասվածը մի փոքր, ոչ թե մի փոքր, այլ ընդհանրապես սխալ է. ոչ ոք չի կարող ասել, թե ինքը մյուսից առավել է երկրպագում»,-մտածում է Գագիկը, ում կարծիքով իրական երկրպագուն  նա է, ով մշտապես, ամեն հարցում իր սիրելի թիմի կամ ֆուտբոլիստի կողքին է:

Երբեք չի կարողանում մոռանալ Հենրիխի հետ առաջին հանդիպումն ու շփումը: Ընդունելության քննությունների նախօրեին բացակայում էր դասերից, որպեսզի հանդիպի իր սիրելի ֆուտբոլիստին: Վերջապես բաղձալի օրը գալիս է. 2012թ. հունիսի 2-ին, մի ամբողջ շաբաթ Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մոտակայքում «հերթապահելուց» հետո կարողանում է հանդիպել նրան: Առաջին անգամ պարզապես խնդրում է լուսանկարվել. «Հիմա մենք երկու տասնյակից ավելի լուսանկարներ ունենք, սակայն առաջին լուսանկարը ամենասիրելին է, մինչ այժմ այդ նկարն է իմ բջջայինի էկրանին»,-հուզմունքով պատմում է Գագիկը:

Չնայած՝ հավաքականի մի քանի ֆուտբոլիստներից արդեն հասցրել է հարցազրույցներ վերցնել, Հենրիխից հարցազրույց վերցնելու դեռևս միայն մի փորձ  է եղել, այն էլ կայքը, որտեղ տեղադրել էին հարցազրույցը, այլևս չի գործում: Սակայն նա համոզված է, որ որևէ լուրջ լրատվամիջոցում աշխատանքի անցնելուն պես պարբերաբար հարցազրույցներ կվերցնի նրանից:

Ամենաուշագրավ դեպքը՝ կապված Հենրիխի հետ, թերևս նրա մարզաշապիկը ստանալն է, ինչի մասին մեծ հուզմունքով է պատմում, որովհտև, ինչպես ինքն է ասում՝ պատմել, նշանակում է վերապրել այդ օրվա հուզմունքը:

«Սովորական բան է, երբ երկրպագուները ցանկանում են ունենալ իրենց սիրելի ֆուտբոլիստների մարզաշապիկները: Ես շատ էի ուզում ունենալ 18 համարի մարզաշապիկ: Անցած տարի աշնանը նրանից խնդեցի, խոստացավ, որ կտա, բայց ե՞րբ… Ես ամբողջ ձմեռ նրան «անհանգստացնում» էի նույն խնդրանքով, արդեն տպավորություն էր ստեղծվում, թե ես երկրպագու եմ մարզաշապիկի համար»,- ասում է Գագիկը:

Երկար սպասումից հետո, ի վերջո, ստացավ մարզաշապիկը: Այն էլ, ոչ ավել ու ոչ պակաս, իր ծննդյան օրը. «Մարտի 19-ին՝ ծննդյանս 18 ամյակի օրը ավանի ակադեմիայում տեղի էր ունենում Հավաքականի մարզումը: Ես ներկա էի: Հենրիխի համար նվեր ունեի՝ վաղուց պատրաստված (18HENO22 գրառմամբ և այլ երկրպագուների բազմաթիվ բարեմաղթանքներով պատված եռագույն: Այդ դրոշով նրանց լուսանկարը տեղադրվել է նաև Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական լայքէջում՝ «Many thanks to the devoted Fan Gag Armfan Smbatyan»  գրառմամբ – Խմբ.): Նվերը տալուց հետո Հենոն ինձ ասաց. «Սպասի, գնամ մարզաշապիկդ բերեմ»: Դա իսկական շոկ էր: Ես չէի սպասում (ժպտում է-հեղինակ): Ասում է, որ մարզաշապիկը ստանալու հարցում, թերևս, կարևոր էր նաև իր լավագույն ընկերներից մեկի՝ այդ նույն պաշտոնական էջում արված գրառումն իր մասին:

Ինչպես նրա ֆուտբոլասեր ընկրներից մեկն է նկարագրում. «Հրաշալի, միամիտ ու անմիջական մարդ է: Որպես Հենոյի ֆանատ՝ անկրկնելի է: Ես չգիտեմ ուրիշ մեկին, ով այդքան նվիրված լինի Հենոյին»: Իսկ այն հարցին, թե երբևէ ընկերները փորձե՞լ են Գագիկի հոգու հետ խաղալու համար որևէ բացասական բան ասել Հենրիխի մասին, Ալեքսանդրան պատասխանում է. «Մենք մեր կյանքից ձեռք չենք քաշել, ոչ էլ ուզում ենք, որ Գագը սրտի կաթված ստանա (ժպտում է-հեղինակ): Երբ կատակով կամ լուրջ որևէ բացասական բան են ասում, նա ահավոր բուռն է արձագանքում: Ես չգիտեմ, թե ուրիշ էլ ինչը կարող է նրան այդպես հունից հանել»:

Գագ ԱրմՖանի հետ Հենրիխ Մխիթարյանի մասին մեծ զգուշավորությամբ՝ Հռիփսիմե Գալստյան

          Հ.Գ. Եթե երբևէ տեսնեք, որ Գագիկը իր ֆեյսբուքյան էջում ինչ-որ տարօրինակ հետհաշվարկ է իրականացնում, չզարմանաք. նա այդ պահերին հաշվում է Հենրիխի պաշտոնական էջի like-երի թիվը, որպեսզի խորհրդանշական նկարով նշի հավանումների հերթական հազարյակը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031