Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնական. «Աշոտյան Արմենը պատասխան տալո՞ւ է»

Մայիս 20,2013 15:56

«Մինչեւ նախագահականից թույլտվություն չլինի, Գորբաչովի փողերը Հայաստան չեն կարող մտնել»

 Հայաստանի համար, գազի ու էլեկտրաէներգիայի` ժամանակ առ ժամանակ թանկացման ֆոնին, շատ ավելի կաեւոր է եւ ձեռնտու է ներդնել արեւային էներգիայի արտադրությունը, սակայն, փոխանակ աջակցել այս ոլորտի գիտնականներին, կառավարությունը մի բան էլ խոչընդոտում է: Այսօր «Նոյյան տապան» ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտություների դոկտոր Վահան Համազասպյանը: Նրա խոսքերով` այս ծրագրի իրականացման դեպքում հնարավոր է 400-800 հազար աշխատատեղեր բացել, ինչպես նաեւ միջազգային շուկա դուրս գալ. մեր տեխնիկական եւ գիտական մակարդակը դա թույլ է տալիս: Պարոն Համազասպյանի ներկայացմամբ` ամերիկյան փորձագետների գնահատմամբ` արեւային տեխնիկայի միջազգային շուկան 2020 թվականին կազմելու է 40 տրիլիոն դոլար. «Այդ թիվը երբ բաժանում ենք աշխատատեղերի վրա, պարզվում է մենք այդ շուկայի 0,1%-ը պետք է գրավենք, որպեսզի ապահովենք այդ աշխատատեղերը: Սրանք ռեալ թվեր են եւ շատ հասանելի: Մենք այսօր պատրաստ ենք սկսել սերիական արտադրություն»:

Որպեսզի հելիոֆիկացիայի ծրագիրն իրականացվի, եւ մարդիկ սկսեն  օգտվել արեւային էներգիայից, գիտնականը 3 տարի առաջ դիմել է Ազգային ժողով եւ օրենքի նախագիծ առաջարկել, որը, սակայն, ինչպես ինքն ասաց` «քնացրել են»:

«Առաջին պայմանը, որ ներկայացրել էինք ԱԺ, արեւային տեխնիկայից օգտվողների վրա լրացուցիչ հարկեր չսահմանեն, ամբողջ աշխարհում այդպես է:  2-րդ` այստեղ կոնվերային արտադրություն դնելու համար անհրաժեշտ է մեծ ներդրումներ կատարել, մենք Հայաստանի իշխանություններից ներդրումներ չենք ուզում, բայց այն ներդրումները, որ մենք կարողանում ենք բերել, պետք է չխանգարեն: Նախանցյալ տարի մենք եղանք Գորբաչովի մոտ, ինքն իր «Կանաչ խաչ» միության միջոցներով ուզում էր աջակցել Սպիտակում մեր արտադրությանը, բայց ինձ զգուշացրին` մինչեւ նախագահականից թույլտվություն չլինի, Գորբաչովի փողերը Հայաստան չեն կարող մտնել»:

Նախորդ տարի էլ մի շվեյցարացի գործարար ցանկություն էր հայտնել 300 միլիոն դոլարի ներդրում կատարել, բայց կրկին այս գործին էլ կարծես թե խոչընդոտում են. «Այդ գործարարը եկավ Սպիտակ, ծանոթացավ մեր գործին եւ ասաց, տղաներ, դուք նստած եք ոսկու վրա: 300 միլիոն դոլարի «տավարնի» կրեդիտով տեխնիկա էր բերում, որպեսզի հայ-շվեցարական արտադրություն կազմակերպվեր: Պետք էր կառավարության գարանտը, չկանգնեց, հասկանալի է, եթե չկայացավ գործը, պետությունը պիտի 300 միլիոն տա: Շվեցարացին ասեց` լավ, ես ձեզ կտամ 50-100 հազար եվրո, դուք Սպիտակի ձեր պալիգոնը կարգի բերեք, թող դառնա միջազգային փորձարարական կենտրոն: Նամակ ենք գրել կառավարություն, կառավարությունն էլ ուղարկեց նախարարություններ` կարծիքի համար, ստացել են դրական կարծիքներ, բայց 5 ամիս է չենք կարողանում այդ նամակը ստանալ, գոնե բացասական պատասխան ստանանք»:

Գիտնականը մի միջադեպ էլ պատմեց` կապված կրթության եւ գիտության նախարարի հետ. «Աբովյան քաղաքում կազմակերպել էինք արեւային տեխնիկայի պալիգոն` դպրոցին կից, որպեսզի երեխաները գան ծանոթանան:  20 ժամ արեւային դասաժամեր ունեինք, Աշոտյանը փակեց, կողպեք դրեց պալիգոնի վրա, դպրոցի տնօրեն էլ հրավիրեց ու 10 օրվա ընթացքում պայամանագիրը լուծարեց, թե չէ` դատի էին տալու»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Գրիգոր Մնացականյանի կարծիքով էլ` «Պետությունը շեշտը դնում է շոուների վրա, մշակույթ, երգ-երաժշտություն, բայց չէ որ ամեն ինչի շարժիչ ուժը տնտեսությունն է, երբ տնտեսությունը ձեւավորվել է, ուրեմն առաջինը պետք է էներգետիկ անվտանգության հարցը լուծվի: Մենք անվճար մշակել ենք այդ ծրագիրն ու արել-դրել կառավարության սեղանին: Եթե չեն վստահում, թող գոնե մի հատ փորձարկեն` լավ կլինի, կշարունակենք, վատ կլինի` թող փակեն: Բայց հիմա, եթե համոզված է կառավարությունը, որ չի ստացվելու, եւ եթե հանկարծ, ստացվեց, ո՞վ է պատասխան տալու սխալի համար: Աշոտյան Արմենը պատասխան տալո՞ւ է  հելիոպալիգոնի փակելու համար, եւ մեր աշխատանքներն արգելափակելու համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031