Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Աշոտյանը պարգևատրեց հանրապետական առարկայական օլիմպիադայի հաղթողներին

Մայիս 20,2013 15:53

Ashotyan-2«Մենք ունենք փայլուն երեխաներ, մենք ունենք հրաշալի ուսուցիչներ, մենք ունենք իրականում լավ դպրոցներ, որոնք պատիվ են բերում ցանկացած երկրի: Ունեցել ենք աշակերտների կողմից մեծ հետաքրքրվածություն բոլոր առարկաների նկատմամբ, ինչպես նաև ուրախալի  է այն փաստը, որ այս տարի  ավելացել են  մարզերի դպրոցների ակտիվությունը` մասնակցության տեսքով, ինչպես նաև այն դպրոցների, որոնք առաջին անգամ են իրենց մասնակցությունն ունեցել»,- այսօր այս մասին ՀՀ ԳԱԱ դահլիճում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ նախարարի` իրենց համար չկա առաջին և երկրորդ կարգի օլիմպիադաներ. «Բոլոր օլիմպիադաներն էլ կարևոր են, բոլոր օլիմպիադաները, անկախ նրանից՝ կունենան միջազգային շարունակություն, թէ ոչ, մեզ համար բոլորը հատուկ ուշադրության կենտրոնում գտնվող միջոցառումներ են»:

2012-13 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադայի ընթացքում, շուրջ 270 երեխա ցուցաբերել է բարձր գիտելիքների առկայություն, 73 հոգի ստանձնել է առաջին պատվավոր տեղը, 150-ը` երկրորդ, 170-ը` երրորդ, որոնք էլ պարգևները ստացան անձամբ նախարարից: «Այս երեխաներից են ձևավորվել նաև  միջազգային առարկայական օլիպիադաներում հայաստանյան հավաքականները: Հավաքականները ձևավորվել են ելնելով բացառապես երեխաների հնարավոր հաջողություններից, առաջադիմությունից»,-ընդգծեց Ա. Աշոտյանը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ սա հիշարժան օր է լինելու բոլոր մասնակիցների համար և շատ ուրախ է, որ  պարգևատրում իրականացվում է ԳԱԱ-ում. «Այս տարի լրանում է ԳԱԱ-ի 70-ամյակը, որը մենք կնշենք աշնանը: Այսօր մի շարք խնդիրներ կան ծառացած  ինչպես կրթության, այնպես էլ  բոլոր ոլորտներում, բայց միևնույն է, մենք ունենք շատ տաղանդավոր երեխաներ և հրաշալի ուսուցիչներ, ովքեր կրթում են այսպիսի երեխաներ»:

Աշխարհագրության օլիմպիադային առաջին կարգ զբաղեցրած 15-ամյա Մարիանա Ղազարյանի համար նման մրցույթները տալիս են ինքնավստահություն սեփական ուժերի նկատմաբ, նոր շփումներ, ընկերներ և գիտելիք. «Կցանկանայի  կրթական համակարգում վերահսկողությունն ավելի ուժեղացնել, ինչպես նաև  ավելի շատ հովանավորեին կրթական համալիրները: Հաջորդ տարի Հայաստանը մասնակցելու է միջազգային օլիմպիադայի և հենց աշխարհագրության: Ցանկությունս մեծ է, այդ խմբում ընդգրկվելու, իսկ այս տարի պատվիրակության հետ որպես ունկնդիր կմեկնեմ Հայաստանից դեպի Ճապոնիա»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031