ՏԻՄ ղեկավարները կասկածում են, որ բարեգործական հիմունքներով ծառատունկ իրականացնող Armenia tree project-ը ինչ-որ կուսակցության հետ կապ ունի
«Հայաստանում միկրոկլիման շատ փոփոխական է եւ մեկ կիլոմետրի վրա մեծ տարբերություն կա»,-այսօր «Հայնյուզ» մամուլի ակումբում ասաց Armenia tree project ընկերության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը։ Այս ընկերությունը մեր երկրում բարեգործական հիմունքներով անտառտնկման աշխատանքներ է կատարում: Նրանց ծրագիրը հիմնականում Լոռու մարզում է իրականացվում: Հարցին, թե ինչո՞ւ Լոռիում, որտեղ, քիչ թե շատ անտառը պահպանված է, պարոն Մելիքյանն ասաց. «Պետք է պահպանել այն, ինչ ունենք: Եթե մենք սկսենք անտառ տնկել ասենք` Արմավիրի մարզում, որտեղ անտառ գոյություն չունի, մենք շատ մեծ ջանքեր կգործադրենք այն հիմնելու»:
Ըստ Վ. Մելիքյանի, տնկարանում աճեցնում են տեղական ծառերի տեսակներ` կաղնի սոճի, թխկի, հացենի ու պտղատու ծառեր` նպաստելու վայրի կենդանիների տարածմանը: Աճեցնում են նաեւ բարձր լեռնային թխկի, որը վտանգված է Կովկասում:
Անտառտնկման գործում հմտացած Վարդան Մելիքյանից հետաքրքրվեցին, թե գազի թանկացման պարագայում արդյոք նոր թափ չե՞ն առնի անտառահատումները, պարոն Մելիքյանն ասաց, որ հատկապես գյուղական վայրերում կգերադասեն փայտ վառել, քան` երկու անգամ ավելի թանկ նստող վառելիքը` գազը: Նրա պատասխանը` տեսանյութում.
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե տեղական ինքնակառավարման մարմինները ցանկություն չե՞ն հայտնում աշխատելու Armenia tree project-ի հետ, որպեսզի սեփական համայնքներում ավելացնեն անտառածածկ տարածքները` հատկապես որ ծրագիրն անվճար է իրականացվում, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Նրանց հաճախ թվում է, թե մենք ինչ-որ ակնկալիքներ ունենք այդ ամենի դիմաց եւ կասկածանքով են վերաբերում մեր` այս կամ այն համայնքում անտառ տնկելու գործին»: Նրա պատասխանն առավել մանրամասն` տեսանյութում.
Ընկերությունը անտառվերականգնման աշխատանքները 6-7 տարի առաջ է սկսել:
Տնկարանը գտնվում է Լոռիում: Armenia tree project-ի միջոցները գոյանում են մասնավոր նվիրատվություններից: Սարատովկա համայնքում արդեն 60 հեկտար անտառ են տնկել, քամիներից պաշտպանելու եւ այդ բնակավայրի կլիման փոքր-ինչ մեղմելու համար: Տարեկան 350 հազար ծառ են տնկում, ըստ Վ. Մելիքյանի, «մեկ ծառի վրա ծախսը կազմում է 1 դոլար, 1 հեկտարի վրա անտառ տնկելը արժենում է 1500 դոլար»: Ընկերության կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 400 հեկտարի վրա կատարված ծառատունկի 63 տոկոսը բարեհաջող կպել է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ