Լրահոս
Օրվա լրահոսը

Նաղաշ Մարտիրոսյան. Լրագրություն եւ PR ուսուցանողների փոխգործակցության անհրաժեշտություն կա (Տեսանյութ)

Մայիս 20,2013 14:45

tez3 tez2 tez4 tez5Այսօր ԵՊՀ-ում  «Հանրային կապեր» եւ ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների ավարտական ատենախոսությունների պաշտպանությունն էր: Թեմաները բազմազան էին՝ «PR մասնագետի հաղորդակցական հմտություններ»-ից մինչեւ «Հանրային կապերի ոլորտում կրթական հիմնախնդիրները»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 2011-2012 ուսումնական տարվանից Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում այս ծրագրի մեկնարկը  պայմանավորված  էր այն իրողությամբ, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում  PR  ոլորտի լուրջ անհրաժեշտություն է զգացվում: Ինչ վերաբերում է մայր բուհին, դեկանի խոսքով,  իրենք խնդիրը լուծել են հետեւյալ կերպ. ճշտել են, թե  PR  ոլորտում ինչ մասնագետներ կան, եւ ովքեր կարող են մանկավարժական գործունեություն ծավալել: «Այսպիսով ընտրեցինք մարդկանց, ովքեր մասնակից եղան PR  ոլորտի մասնագետների պատրաստմանը: Ես կարծում եմ, որ թե՛ լրագրությունը, թե՛ PR ոլորտը, եւ էլի որոշ ոլորտներ մեծապես պետք է համագործակցեն  դաշտում գործող պրոֆեսիոնալների հետ: Այդ սկզբունքով աշխատելով՝ մենք այս տարի ունենք առաջին ՝ 17 շրջանավարտները: Ի դեպ, բավական ընդգրկուն է մագիստրոսական թեզերի թեմաների շրջանակը»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Հետաքրքրվեցինք՝ ինչ տպավորություն է ստացել շրջանավարտների աշխատանքների որակից, մատուցման  ձեւից: «Որպես քննական հանձնաժողովի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամ, արդեն չորրորդ պատասխանն եմ լսում: Կարծում եմ՝ բացառիկ հետաքրքիր պատասխաններ են՝ կազմակերպված, ներկայացման որակն ու  խոսքի մշակույթն էլ հրաշալի»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Նաղաշ Մարտիրոսյանը նաեւ մտահոգություն հայտնեց. « 90-ական թվականներին Հայաստանում սկսվեցին ձեւավորվել մասնավոր բուհեր: Մասնավոր եւ ոչ միայն մասնավոր բուհերում, պայմանավորված լրագրողի մասնագիտության պահանջով, բացվեցվին ժուռնալիստիկայի, նույնիսկ միջազգային ժուռնալիստիկայի բաժիններ, որոնք հետագայում աստիճանաբար փակվեցին: Առաջատարը,  ինչպես կար, մնաց Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Հիմա էլ բազմաթիվ բուհեր  սկսել են PR ոլորտի մասնագետներ պատրաստել, ինչի համար  ուրախ եմ, բայց նաեւ ներքին համոզումն ունեմ, որ դաշտում  այդքան ուսուցիչ չունենք: Ուսուցչի դերը կարեւորելով՝ ուզում եմ մտահոգությունս հայտնել.  եթե չունենք ուսուցիչներ, ուրեմն ո՞վ է նրանց ճանապարհում, ո՞վ է տալիս անհրաժեշտ գիտելիքներ: Սա խնդիր է, որը պետք է կարեւորել»: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը  համոզված է, որ ժամանակն է, որ լրագրություն եւ PR ուսուցանողները մի համաժողովի շրջանակում հավաքվեն,  ամփոփեն արդեն արվածը եւ հետագա  անելիքները, որովհետեւ ոլորտում լուրջ փոխգործության անհրաժեշտություն կա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031