«Մենք այսօր ունենք կեղծ ընդդիմություն, որին հանրությունը մեղադրում է նրանում, որ նա լեգիտիմացնում է ընտրությունների արդյունքները: Այս կուսակցություններն իրենք անգամ ներսում չունեն ժողովրդավարություն, որտեղ կուսակցապետերը ժողովրդավար չեն»,-այսօր «Արցախ» ակումբում հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նա տեղեկացրեց, որ հարում է սոցիալ- դեմոկրատական հայացքների և պատրաստվում է մինչև տարեվերջ ստեղծել իր կուսակցությունը:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Ա. Ղուկասյանը չի՞ կարծում, որ կուսակցությունների ժամանակն անցել է ու պետք է մտածել ընդդիմադիր դաշտի միավորման մասին: Նա պատասխանեց. «Կեղծ կուսակցական համակարգն իր դարն ապրել է, ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառը հենց դա է: Կուսակցաշինական ոլորտում անհրաժեշտ են նոր մոտեցումներ. ստեղծել նոր ու մրցունակ քաղաքական ուժեր: Առանց ժողովրդավարական սկզբունքների որևէ քաղաքական ուժ գոյություն չունի: Դրանից էլ բխում է այն, որ հանրությունը կասկածում է, թե կուսակցությունները գտնվում են ռեժիմի հետ գործարքի մեջ: Ուստի միավորման գաղափարը սպառված է: Երկրում համակարգային փոփոխություններ կարող են իրականանալ սահմանադրական հեղափոխության միջոցով»:
Ա. Ղուկասյանը կարծում է, որ պետք է տարանջատել քաղաքական և տնտեսական իշխանությունը: Հետո էլ փաստում, թե երկրում ճգնաժամը հասել է այն մակարդակին, երբ հանրությունն ինքն է ուղիղ գործողությունների ուզում դիմել: Պարոն Ղուկասյանը դառնալով ՀՀ-ում ընտրությունների կազմակերպման փորձին՝ նշեց. «Հայաստանում երբեք չեն եղել ընտրություններ, մեր քաղաքացիները երբեք չեն ընտրել մեր երկրի քաղաքական ապագան»:
Գազի սակագնի բարձրացման՝ քաղաքական ենթատեքստի մասին խոսելով էլ՝ Ա. Ղուկասյանը նկատեց. «Բոլորս մոռացել ենք այն տարիները, երբ ՀՀ-ն գազը գնում էր Թուրքմենիայից: Երբևիցե այդ տարիներին հանրության համար խնդիր չի եղել, թե ինչքան է գազի գինը: Այս հարցերն առաջացան, երբ ՀՀ-ն սկսեց գազը ստանալ Ռուսաստանից: Բայց մյուս կողմից էլ հարց է այն, թե ով է բոլորից շահագրգռված, որ Հայաստանում տեղի ունենա գների բարձրացում: Դա ՀՀ կառավարությունն է, քանի որ երկրում ամենախոշոր հարկատուն ժողովուրդն է: Բնականաբար ինչքան երկրում գները բարձր լինեն, այնքան բյուջե ավելի շատ գումար կմտնի: Ու առանց որևէ լուրջ փոփոխությունների ՀՀ իշխանությունները կարող են զեկուցել, որ տեղի են ունեցել ինդիկատորների փոփոխություններ: Ուստի այստեղ միայն գազի գնի մասին չէ խոսքը, քանի որ բոլոր ոլորտներում են գները բարձրացնելու»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ