Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալ էպոսագետը պահանջում է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն բոլորի համար

Մայիս 20,2013 14:09

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել քաղաքական գործիչ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի  մահափորձի գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպանը: Նրա պաշտպանությունը կիրականացնի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը: Ինչպես հայտնի է, մյուս երկու ամբաստանյալները՝ Վարդան Սեդրակյանը եւ Սամվել Հարությունյանը ունեին իրենց պաշտպանները: Նրանք են՝ Ալեքսանդր Սիրունյանը եւ Գայանե Գալոյանը:  Դատարանն այսօր ծանոթացավ ամբաստանյալների կենսագրությանը, այն է՝ ճշտեց նրանց ինքնությունը: Պարզվեց՝ Վարդան Սեդրակյանը խնամքին ունի  թոշակառու մայր, երեք երեխա, որից երկուսը՝ անչափահաս: Իսկ դատավոր Գագիկ Պողոսյանի այն հարցին՝ առո՞ղջ եք, ամբաստանյալը նախ ասաց՝ կուզեի առանձին պատասխանել, ապա երբ ընկալեց, որ ֆիզիկապեսի եւ հոգեպեսի մասին է հարցը, պատասխանեց՝ առողջ է: Խաչիկ Պողոսյանը, պարզվեց, որ տառապում է շաքարախտով, դատապարտվել է 2005թ.՝ թմրանյութեր օգտագործելու եւ դրանց շրջանառությանը աջակցելու համար: Սամվել Հարությունյանը արհեստավոր է, նախկինում դատված չէր եղել եւ խնամքին ունի թոշակառու մայր ու անչափահաս երեխա: Կողմերը բացարկի միջնորդություն չունեին, բացառությամբ մի ռեպլիկի, որն իրեն թույլ տվեց Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, ասելով, թե բացարկ հայտնում են գործող դատախազին: Այդ արտահայտությունը վիրավորական համարեց մեղադրանքը պաշտպանող ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ-ում քննվող եւ կիբեր հանցագործությունների գործերով վարչության դատախազ   Արամ Ամիրզադյանը: Սիրունյանը հայտնեց, որ վիրավորվելու խնդիր չկա եւ հղում արեց դատախազության մասին օրենքին, ասելով, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը դատախազին չի փոխում: Դատախազ Արամ Ամիրզադյանը նախկին դատախազ, ներկայումս փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին պատասխանեց՝ հղում անելով դատախազության մասին օրենքի 25 հոդվածի առաջին կետը, համաձայն որի՝ բացառություն կարող է լինել, երբ վերադաս դատախազը վերահսկողություն իրականացնի որոշակի փուլում:  Այնուհետեւ Ա. Ամիրզադյանը խնդրեց արձանագրել, որ դատաքննությանը մասնակցում է պատշաճ դատախազ եւ փաստաբանի հայտարարությունն էլ դիտեց PR-ի նպատակով արված:

Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը, երբ խոսք գնաց նոր ապացույցների մասին, ասաց, որ բոլոր երեք ամբաստանյալներին անհրաժեշտ է ենթարկել դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության, անգամ նարկոլոգիական վիճակը ստուգելու համար միջնորդություն արեց. «Ես դատվում եմ հիվա՞նդ մարդկանց ցուցմունքներով»:

Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը նկատեց. «Առաջին հերթին միգուցե անհրաժեշտ է փորձագետի եզրակացություն Վարդան Սեդրակյանի՞ն հետազոտելու համար, ինչը արված չէ»: Դատարանը հետաձգեց այդ միջնորդության քննարկումը, հիշեցնելով, որ խոսքը ոչ թե դատավարական գործողությունների մասին է, այլ ապացույցների ձեռքբերման: Ի դեպ, այսօր դատարանում հայտնված հանրային պաշտպան   Լ. Ավետիսյանը միջնորդեց, որպեսզի դատարան գա տուժող   Պարույր Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը հայտնեց, որ Հայրիկյանը արտերկրից վերադարձել է, 2 օր է քաղաքում է: Մեղադրող Արամ Ամիրզադյանը սկսեց հրապարակել մեղադրական եզրակացությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031