Այսօր «Զարկերակ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, Երեւանի ավագանու անդամ՝ Ստեփան Սաֆարյանը անդրադարձավ հետընտրական զարգացումներին: «Ընտրություններն ավարտվել են, երկիրը կարծես թե մտնում է սովորական շրջան, բայց քաղաքական մթնոլորտն անկայուն է, իշխանության մակարդակը զրոյական, ես նման բան չեմ հիշում, որ իշխանությանն այսքան ատեն, սա աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ»,- ասաց Սաֆարյանը, որի խոսքով՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց առջեւ կանգնել է Հայաստանը, ցանկացած իրադարձություն չափազանց մեծ ռեզոնանս է ունենալու, որովհետեւ չկա իշխանություն` կա իշխանության վակում: «Ամենափոքրիկ միջադեպը, մեծ ռեակցիա է ստանում եւ նման իրավիճակում կանխատեսումներ անել, թե երբ կփլուզվի համակարգը, դժվար է: Այս համակարգը նման է մի ժանգոտած մեխանիզմի, որը չի կարողանում առաջ շարժվել: Այս իշխանությունը հինգ տարի չի ձգելու: Իշխանափոխությունը գալու է անսպասելի»,- նշեց Սաֆարյանը, ավելացնելով, թե «Ժառանգության» թույլ եւ ուժեղ կողմն այն է եղել, որ իրենց աջակցում էր միայն ժողովուրդը:
Սաֆարյանը գտնում է, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն քաղաքական կուսակցություններ չեն`«Եթե խոսենք ծրագրերի մասին, ապա կասենք, որ կա թալանելու ծրագիր եւ այլն: Քաղաքականությունը ծրագիր չունի, դու կարող ես ունենալ քայլերի հաջորդականություն: Ընդդիմության առաքելությունն է՝ այս իշխանությանն ամեն սուրբ օր քննադատել, հիշեցնել, որ դա իրենց տեղը չէ: Ապրիլի իննի ամբողջ ծրագիրը եղել է համաժողովրդական երդումը, այլ բան է, որ այնտեղ տարբեր մարդիկ կարողացան տարբեր ախորժակներ բացել, ես այդ օրը չեմ սպասել, որ գնալու ենք եւ նախագահի նստավայրը վերցնելու…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ