Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ն ապաշնորհ է, որ գազը թանկացրել են»

Մայիս 20,2013 12:31

Այսօր ԱԺ նիստը սկսեց յուրահատուկ: Նիստին մասնակցում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը հայտնվել էր բոլորի ուշադրության կենտրոնում: Նա 5-րդ գումարման ԱԺ-ում երկրորդ անգամ է ներկա լինում:

Նիստի սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանը հայտարարեց, որ գազի սակագնի հետ կապված կազմակերպելու է քննարկում խորհրդարանում, որը կլինի հինգշաբթի օրը: Քննարկմանը ներկա կլինի նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց Հովիկ Աբրահամյանին, թե ի՞նչ են անելու, որ գազի թանկացումը տեղի չունենա, ոչ թե սուբսիդավորվի:

ԱԺ նախագահը պատասխանեց. «Հարգելի տիկին Փոստանջյան, եթե ուշադիր լինեք, ես ներկայացրեցի, որ  իմ նախաձեռնությամբ քննարկում եմ կազմակերպել: Ես ի՞նչ կարող եմ անել, գազը ապրանք է արտերկրից: Յուրաքանչյուր ապրանք ունի իր գինը եւ այնպես չի, որ ՀՀ իշխանությունը կարող է միահեծան որոշում ընդունել: Հասկանալի է, որ վարչապետը բանակցում  է ՌԴ-ի պատկան մարմինների հետ՝ հնարավորինս էժան ներմուծելու համար»:

Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց՝ «չե՞ք կարծում, որ մեր արտաքին քաղաքականության հետեւանքով է, որ գազի գինը թանկ է: Մեր ռազմաբազաները, հողատարածքները ՌԴ-ին անվճար տվեցիք, չե՞ք կարծում, որ սա ձեր բացթողումն  է, որ չկարողացաք, մեր ազգային շահը գնահատել: Մենք ունենք ապրանք՝ տվել ենք ՌԴ-ին անվճար, բայց իրենք իրենց ապրանքը վաճառում են մեզ ահռելի գնով: Չե՞ք կարծում, որ ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքում է ՌԴ-ն այդպես անում»:

Հովիկ Աբրահամյանը կարճ պատասխանեց. «Ոչ: Չեմ կարծում»:

Ավելի ուշ ստանալով ելույթի հնարավորություն՝ Զարուհի Փոստանջյանը կոչ արեց մեր ազգաբնակչությանը՝, որ այսօրվա բոլոր իրադարձությունները, այդ թվում՝ գազի գնի բարձրացումը՝ դա Հայաստանում գործող ՀՀԿ-ի ապաշնորհ քաղաքականության հետեւանք է: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին չհանդուրժել այդ ապաշնորհ քաղաքականությունը եւ ձեր բողոքի ձայնը բարձրացնեք՝ գալով ԱԺ…

Հերմինե Նաղդալյանը միջամտեց եւ ասաց, որ նրա խոսափողն անջատեն:

Հետո Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ այլ առաջարկով՝ հորդորելով, որ ՌԴ-ին տրվող մեր ռազմաբազաները վճարովի դարձնեն:

Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ «Առաջարկում եմ չշտապենք, սպասենք, մինչեւ կառավարության բանակցությունները ավարտվեն ՌԴ-ի հետ: Դրանից հետո Ձեր առաջարկը կքննարկենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031