Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Նոր Նորքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի մասնագետ՝ Աննա Ալեքսանյանն այսօր «Զարկերակ» ակումբում խոսելով մայիս ամսին ամուսնանալուց խուսափողների մասին, ասաց, որ մեծ է եկեղեցու դերն այս հարցում: Նա դժվարացավ վիճակագրական տվյալներ ներկայացնել, բայց նշեց, որ թերթելով նախկին տարիների ամուսնության ակտերի գրանցումներն` իսկապես կարելի է ասել, որ մարդիկ շատ են տրվել սնահավատությանը: «Հավատացեք այն զույգը, որը հստակ կողմնորոշում է ձեռք բերել, ապա մայիս ամսվա առումով առարկություն չի եղել, նման բաների վրա ուշադրություն դարձնող զույգերը շատ քիչ են: Մարդկային գիտակցությունն ավելի է զարգացել ու կարեւորությունը տրվում է իրենց միությանը: Այս ամսին էլ շատ գրանցումներ ունենք եւ ի վերջո մայիս ամիսը հաղթանակների ամիս է, իսկ ինչու հաղթանակով չսկսել միությունը»,- նշեց Ալեքսանյանը:
Ըստ նրա` վիճակագրական տվյալների մեծ կոնտրաստ չկա, որ նշի, թե որ տարիքային խումբն է մայիսին ամուսնացել, մայիսը դեռ չի ավարտվել ու արդեն հիսուն ամուսնություն են գրանցել, իսկ մյուս ամիսների հետ համեմատ տարբերությունը շատ քիչ է. «Կարծում եմ սնահավատությունը արմատախիլ է լինում: Սնոտիապաշտությունն իմ տվյալներով հեթանոսությունից է եկել, բայց ինձ համար ամենակարեւոր խորհուրդը մայիս ամսվա, դա համբարձման տոնն է: Ինչ որ մեկը վանկարկել է վայիս-վայիս ու բոլորի մոտ դա հիմք է հանդիսացել… Համոզված եմ, որ ամեն զույգ, որ փորձում է միություն կազմել նրբորեն է մոտենում»:
Ալեքսանյանը տեղեկացրեց, որ երբ զույգն ամուսնալուծության դիմում է ներկայացնում այնտեղ հատված կա, որ նշվում է պատճառը, եւ իրենք երբեւէ նման բան չեն տեսել, որ զույգը որպես պատճառ նշի մայիս ամիսը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ