Օրերս Aravot.am-ի հետ հարցազրույցում Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը խոսել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ապագա ծրագրերի մասին:
Նրա խոսքերով, ՀԱՕԿ-ը շարունակելու է աշխատել իր գործառույթների շրջանակներում եւ նախանշած բոլոր ծրագրերը կատարելու է: Պարոն Ռոստոմյանը տեղեկացրեց, որ ՀԱՕԿ-ը նոր մասնաշենք է կառուցելու Դավթաշեն թաղամասում: Այնտեղ հատկացվել է 5500 քառակուսի մետր տարածք, որտեղ 2000 քմ-ի վրա նախատեսվում է կառուցել ութ մարզաձեւերի համար հավաքական թիմերի երկհարկանի կենտրոն՝ գերժամանակակից մարզադահլիճներով վերականգնողական կենտրոնով, մարզումների ու հանգստի համար օժանդակ բոլոր հարմարություններով: Տարածքում կառուցվելու է ՀԱՕԿ-ի չորս հարկանի նոր մասնաշենք, որտեղ հանգրվանելու են նաեւ ազգային ֆեդերացիաները, որոնց աշխատասենյակները տրամադրվելու են անվճար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ