Այսօր Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ այն, որ այսօր չեկան Ձեր հրավիրած մարդիկ, ում անունները տվեցիք Ազատության հրապարակում, Դուք դրանից ի՞նչ եք եզրակացնում: Նա հրավիրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին, Հրանտ Մարգարյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ այլ գործիչների՝ կլոր սեղանի:
Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես դրանից եզրակացնում եմ, որ բոլորը ներկա դրությամբ այս ընտրական մի տարվա շարքից հետո ներքին վերանայման մեջ են: Վերանայման շրջան է, որը լավ է: Ես կարծում եմ, որ վերանայումը հայաստանյան պայմաններում մի քիչ երկար է տեւում, բայց հույս ունեմ, որ առաջիկա շաբաթների, ամռան ամիսների ընթացքում վերանայումները կբերեն ավելի բաց, ստեղծագործական լուծումների՝ բոլորի կողմից: Ներկա դրությամբ ես կարծում եմ, որ ամեն մեկը փորձում է իր ներքին շոկից դուրս գալ: Լավ կլինի, որ ամեն մեկը այդ ներքին ցավը հաղթահարի ոչ թե ուրիշի մեղադրելով, այլ իր մեջ նայելով: Ես կարծում եմ, որ դա կշարունակվի եւ առաջիկայում մենք կտեսնենք այլ գործընկերներ»:
Նա շնորհակալություն հայտնեց այն գործիչներին, ովքեր այսօր եկել էին «Անի պլազա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ