Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ծառուկյանն այն եզակի մարդկանցից է, ով միշտ ինձ հետ եղել է անկեղծ»

Մայիս 19,2013 18:59

Պարոն Հովհաննիսյան, Ձեզ համար անակնկա՞լ էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ եւ չի կարող դառնալ ընդդիմություն: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ պարոն Ծառուկյանը գոնե 2 անգամ, որ հանդիպել եմ նրա հետ, այն եզակի մարդկանցից է, ով միշտ ինձ հետ եղել է անկեղծ: Այդ  անկեղծությունն ինքը դեմ դիմաց՝ իմ աչքերի մեջ նայելով արտաբերել է, որ ինքը երբեք դուրս չի գա իշխանության դեմ»:

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ հանրահավաքների ժամանակ չէիք ասում ժողովրդին այդ մասին, որ Գագիկ Ծառուկյանը Ձեզ նման  խոստովանություն է արել՝ նա պատասխանեց. «Խոստովանություն չէ, ես ուղղակի հաստատեցի իր ասածը, այն, ինչ ինքն ասել էր: Ինքը նախապես ասել է մասնավոր: Դուք կարող եք իրեն հարցնել, թե ինչու ասաց ուշացումով»:

Հարցին՝ ընդդիմության մի հատված, մասնավորապես ՀԱԿ-ը շարունակում է պնդել, որ ԲՀԿ-ն այնուամենայնիվ ընդդիմություն է, ինչպե՞ս կգնահատեք դա՝ Հովհաննիսյանը պատասխանեց, որ ամեն մեկն իր կարծիքի իրավունքն ունի. «Հռետորությունները Հայաստանում բազմաշերտ են եւ բազմապիսի: Չեմ կարող գնահատել, թե  ինչու պաշտոնական նման տեսակետ կա, բայց կարող եմ, ենթադրել, որ անցյալում եթե ոչ միջկուսակցական, անձնական կապեր կան, որոնք նաեւ պայմանավորում են նման գնահատականները»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ շատ ուրախ է, որ Գագիկ Ծառուկյանը հրապարակեց իր տեսակետը, որն իր ներքին հավատամքն է. «Յուրաքանչյուր կուսակցություն կարող է ունենալ իր ներքին բանավեճեր: «Ժառանգությունում» էլ տարաձայնություններ կան, ներքին բանավեճ: Այդուամենայնիվ, ես կարծում եմ, որ ԲՀԿ-ում նվազ ճակատային բանավեճեր են լինում: Ավելի ուղղահայաց է, քան հորիզոնական: Բայց ես գիտեմ, որ եթե դատենք որոշ առաջատար անդամների գնահատականներից, կամ մեջբերումներից, իրենց մոտ էլ կա ներքին լարվածություն: Հիմա արդեն «Բարգավաճը» ներքուստ պիտի հանգուցալուծի իր այդ խնդիրը,եթե իսկապես մարդիկ կան «Բարգավաճում», որ կարծում են, թե ԲՀԿ-ն պետք է դառնա ընդդիմություն, բայց դա կլինի ԲՀԿ՝ առանց պարոն Ծառուկյանի, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ասել է, որ ինքը ընդդիմություն չի կարող լինել»:

Հովհաննիսյանը ասաց նաեւ, որ յուրաքանչյուրը պիտի տեղավորվի այդ նոր իրականության մեջ եւ ՀԱԿ-ը, տարբեր ուժեր, ղեկավարներ, ուժեր թող մտածեն թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը, քանի որ մարդը շիտակ ասել է, որ չի կարող լինել ընդդիմություն:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031