«Ով հարցնում է, թե որտեղ է բնակվում դե յուրե իշխանությունը ՀՀ-ում, ինքը պետք է ոչ միայն հավատա, այլ իր գործով, իր օրով ու գիշերով ցույց տա, որ իշխանությունը այստեղ է ՀՀ-ի ժողովրդի մոտ է: Երբ մենք դա գիտակցենք, կտեսնենք, որ արդեն մնացածը երկրորդական է»,- այսօր «Անի պլազայում» ամփոփելով հավաքը՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Բանախոսը նշեց, որ իրենց մարզային այցելությունների ժամանակ տարբեր առաջարկներ են եղել. «Դրանք լրջագույնս կուսումնասիրենք: Պետք է այնպես անենք, որ ցանցային մոտեցմամբ մեր շարժումը միս ու արյուն ունենա:
Բայց մի բան պարզ է՝ ներքեւից վերեւ այս իշխանությունները՝ գյուղապետերով քաղաքապետերով հանգիստ ամառ չեն ունենալու: Մենք գալու ենք, եւ ոչ մեկը ժողովրդի իշխանությունից դուրս, մեր շունչներից դուրս իրեն պիտի չզգա»:
Նա հայտարարեց, որ ամռանը կունենան կլոր սեղան, որը միասնական ոչ-ը կլինի կամ այո-ն. «Մինչեւ աշուն միասին ասելու ենք՝ դո՞ւրս ենք գալու այս վիճակից, թե՞ չէ: Նախընտրական վիճակից ոչ մի բան չի փոխվել, իմ մեջ ոչ մի բան չի փոխվել՝ ոչ իմ ժպիտը, ոչ իմ բարեւը»:
Ավելի ուշ մենք ճշտեցինք պարոն Հովհաննիսյանից՝ այսինքն Դուք ողջ ամառ շարունակելո՞ւ եք մարզային այցելությունները՝ նա հաստատեց, որ այո:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ