Google-ի հերթական նորարարությունը Gmail-ից օգտվողների համար է: Այսուհետ հնարավոր կլինի Gmail փոստով գումար փոխանցել հարազատներին ու ընկերներին: Դրամական օպերացիաների իրականացման համար անհրաժեշտ է էլեկտրոնային դրամանապանակ՝ Google Wallet, այս մասին հայտնել է Vesti-ն: Գումար կարելի է փոխանցել՝ այն կցելով նամակին այնպես, ինչպես ֆայլերը կամ փաստաթղթերը: Gmail-ի ինտերֆեյսի ներքևի տողում կհայտնվի դոլարի տեսքով հավելյալ կոճակ, որի միջոցով հնարավոր կլինի գումար կցել:
Այսքանով սակայն Google-ի նորույթները չավարտվեցին. հիմա էլ մտադիր է նոր երաժշտական ծառայություն ստեղծել ու մրցակցել տարածված Spotify սթարթափի հետ, այս մասին գրել է The Verge բլոգը: Կորպորացիան արդեն համաձայնագրեր է կնքել Universal Music Group-ի և Sony Music Entertainment-ի հետ: Google-ը մտադիր է ծառայությունը բաժանորդագրությամբ մատուցել: Իր ծրագրերն ընկերությունը կարող է հրապարակել չորեքշաբթի՝ ծրագրեր մշակողների տարեկան կոնֆերանսում:
Google կորպորացիան Գերմանիայի քաղաքացիական դատարաններից մեկում պարտվել է որոնման համակարգում հարցումների ավտոմատ լրացման վերաբերյալ դատական հայցը, այս մասին հայտնել է Bloomberg-ը: Google-ին պարտավորեցրել են անջատել օգտատերերի հարցումների ավտոմատ լրացման գործառույթն այն բանից հետո, երբ մի խումբ մարդիկ բողոքել են, որ որոնման պատուհանում իրենց անունները հավաքելիս վիրավորական բառեր են հայտնվում:
Եթե այս (և ոչ միայն) դատական գործընթացը տեղի ունենար որոշ ժամանակ անց, գուցե դատավորի փոխարեն որոշումը կայացներ արդեն համակարգիչը: Եվ սա ամենևին էլ անհնարին չէ, քանի որ մոտ ապագայում համակարգչային ծրագրերը կսովորեն ընդունել դատական որոշումներ, այս մասին հաղորդել է Vesti-ն: Ընդ որում՝ գիտնականներն ասում են, որ էլեկտրոնային դատավորները դատավճիռ կկայացնեն շատ ավելի անաչառ և հիմնավորված, քան մարդիկ:
Կարդացեք նաև
Sony ընկերությունը պատրաստվում է թողարկել էլեկտրոնային գրքերի ճկուն ընթերցիչ, որի հաստությունը կկազմի առնվազն 78 մմ, իսկ քաշը՝ 358 գրամ, այս մասին հաղորդել է CyberSecurity-ն: Էլեկտրոնային ալբոմը կունենա ներկառուցված WiFi հաղորդիչ, 4 գբ ներքին հիշողություն և հիշողության microSD քարտի համար նախատեսված բնիկ: Այն նման կլինի իրական թղթին և ավելի բարակ կլինի ժամանակակից նման սարքերի մեծ մասից: Նախատեսվում է, որ ճկուն ընթերցիչը շուկայում կհայտնվի 2014 թվականի մարտ ամսից ոչ ուշ:
Տիգրանուհի Թասլակյան