Այսօր «Անի պլազա» հյուրանոցում հրավիրած կլոր սեղանի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ գազի գնի բարձրացմանը եւ մեղադրեց ՌԴ-ին այս քաղաքականության համար. «Ռազմավարական գործընկերություն՝ հարգանք բոլորին, բայց ոչ նրանց, ովքեր ուզում են մեր ժողովրդի շահի հաշվին՝ ստրուկի հաշվով բանեցնել ռամավարական գործընկերություն: Աննախադեպ է միջազգային հարաբերությունների գրաֆիկայում, որ սուվերեն ինքնիշխան հողերը տրվեն անվճար որեւէ մեկին, իսկ այդ ձրի տալու դիմաց 60, թե քանի տոկոս բարձրացնեն գազի գները: Իսկ նրանք, ովքեր պիտի բարձրացնեն, իրենց կուսակցապետական քրեաօլիգարխիկ շրջապատով մեր հաշվին հարստանան: Հայ ժողովուրդը ժայթքելու է»:
Անդրադառնալով ազատամարտիկների խնդրին՝ նա ասաց, որ ազատամարտիկները կյանք են տվել, իսկ այսօր իրենց մեդալներով կանգնած են հրապարակում, կամ իրենց տների մեջ սոված ծարավ, անհեռանկար, կամ անտուն. «Երբ որեւէ ազատամարտիկ գնում է խոպան՝ ես ինքս ինձ հետ ինչպե՞ս ապրեմ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ խոսեց կարկուտի մասին եւ նշեց, որ դա մեղքն է այս իշխանության անգործության: Նա վստահեցրեց, որ այս շարժումից հետո եթե փորձեն մեկին քաղաքական դիակ դարձնեն, ինչպես անում են այս 20 տարիների ընթացքում՝ չի հաջողվի, քանի որ ժողովուրդն արդեն արթնացել է, իսկ եթե ժողովուդը միանա՝ իրենց դեմ խաղ չի լինելու:
Նախագահի նախկին թեկնածու, թոշակառու Պավլիկ Սարգսյանը հարց ուղղեց Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ինքը անհնազանդ քաղաքացի է, ունեն դե ֆակտո գործող նախագահ եւ դե յուրե նախագահ՝ «Ես այլեւս հանգվաններ չեմ ուզում, ուզում եմ մտնենք նավահանգիստ՝ Բաղրամյան 26, ե՞րբ եք պատրաստվում մտնել»: Նա նաեւ ցանկություն հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր թոռնիկի համար քավոր դառնա, կնքահայրը լինի, բայց թոռնիկն արդեն արտագաղթել է: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ով կարծում է, որ պայքարը կարելի է մի փամփուշտով, մի օրվա միջոցով, մի քայլերթով, մի միտինգով ի կատար ածել՝ թող միայն պատմության էջերը բացի եւ կտեսնի, թե ինչ է նշանակում հույս ունենալ, որ կարելի է մի ակնթարթում փոխել երկիրը: Ովքեր այսօր հավաքվել են, գիտեն, որ պիտի շարունակենք այս պայքարը՝ գիտակցելով մեր էներգետիկան, մեր լիցքը, մեր սխալները: Ինչ ունենք այսօր, մենք ժառանգել ենք: Դրա համար ով այսօր ներկա է, ինքը քաղաքական կուսակցություն է, ընդդիմադիր է՝ ներկա թե նախկին, քաղաքական կուսակցություն է: Սա մի ուրիշ տեսակի մոտեցում է, եւ ինձնից անձամբ չսպասեք միանձնյա լուծումներ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ