Երեւանի բնակիչ Հայկ Տոնոյանն աշխատելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային Ոստիկանություն›› ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին դասակում որպես վարչական գործունեության ավագ տեսուչ, պաշտոնեական դիրքն օգտագործելով 2010 թվականից մինչեւ 2012թ. ժամանակահատվածում կեղծ անդորրագրեր կազմելու միջոցով յուրացրել է վարչական իրավախախտումներ կատարած անձանցից գանձված եւ պետբյուջե վճարելու համար ի պաշտոնե իրեն վստահված 5 216 000 դրամը:
‹‹Փաստինֆոն›› տեղեկացնում է, որ բացի վերոնշյալից, Հ. Տոնոյանը, նախաքննական նյութերի համաձայն, հիշյալ ժամանակահատվածում ծառայության նկատմամբ անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չի կատարել, մասնավորապես` նշանակված տուգանքի գումարները բռնագանձելու համար ճանապարհային երթեւեկության կանոնները խախտած վարորդների վերաբերյալ կազմված վիճահարույց 174 արձանագրությունները, թեեւ տուգանքները չեն վճարվել, սահմանված կարգով ՀՀ վարչական դատարան չի ուղարկել: Նշվածի հետեւանքով նա, ըստ մեղադրական եզրակացության, անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց եւ պետության օրինական շահերին` այդկերպ ոտնահարելով քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու հեղինակազրկելով իշխանության մարմիններին։
Կարդացեք նաև
Գործում առկա իրեղեն ապացույցների թվում են կեղծ անդորրագրերը, վարչական դատարան չուղարկված խախտման արձանագրությունները, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված փաստաթղթերի բնօրինակները եւ պատճենները: Հիշյալ արարքների համար Հայկ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (‹‹Յուրացնելը կամ վատնելը››) 3-րդ մասի 1-ին կետի եւ 315-րդ հոդվածի (‹‹Պաշտոնեական անփութությունը››) 1-ին մասի հատկանիշներով: