Մայիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններն առաջին անգամ մասնակցեցին «Թանգարանների գիշեր» միջոցառմանը: Այդ առիթով Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում բացվեց «Նվիրական խորհրդանշաններ, պարգեւներ եւ շքանշաններ» խորագրով երկօրյա ցուցահանդեսը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգը նկատում է, որ այս ցուցահանդեսով առաջին անգամ ներկայացվեցին Ամենայն Հայոց Հայրապետների խաչերը, պանակեները եւ արծիվները, ինչպես նաեւ Հայոց Եկեղեցու պատվո բարձր շքանշանները եւ այն եկեղեցական ու պետական պարգեւները, որոնք տարիների ընթացքում Քույր Եկեղեցիների հոգեւոր պետերի ու տարբեր պետությունների ղեկավարների կողմից տրվել են Ամենայն Հայոց Կաթողիկոսներին` Վազգեն Առաջին, Գարեգին Առաջին եւ Գարեգին Երկրորդ Հայրապետներին:
Միջոցառման շրջանակներում Միածնաէջ Մայր Տաճարում Մայր Տաճարի քառաձայն երգչախումբը` խմբավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանի, հանդես եկավ հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: Այնուհետեւ Մայր Տաճարում տեղի ունեցավ նաեւ երգեհոնային համերգ (երգեհոնահար Թերեզա Ոսկանյան): Երգչախմբային եւ երգեհոնային համերգներին ներկա գտնվեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կարդացեք նաև
Միջոցառումն ավարտվեց Հանգստյան ժամերգությամբ: