«Ժառանգություն» կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնում 2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներին, մտերիմներին եւ իր խորին մտահոգությունն արտահայտում բանակում տեղի ունեցած այս ողբերգական մահվան կապակցությամբ։
Զորակցություն հայտնելով զինվորի հարազատներին ու մտերիմներին, «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է այս ոճրագործությունը, այդ թվում, Զինված ուժերում պարբերաբար կրկնվող մարդկային նոր զոհերն ու մարդու իրավունքների հետ կապված լրջագույն խախտումները:
Մենք դատապարտում ենք իշխանությունների անգործությունն ու անկարողությունը՝ բանակի խնդիրների լուծման եւ ՀՀ զինված ուժերի հիմնովին վերափոխման ուղղությամբ եւ պահանջում ոչ միայն այս հանցագործության շուտափույտ բացահայտում, այլեւ գործուն միջոցների ձեռնարկում վերջ դնելու համար բանակում տիրող անհանդուրժելի մթնոլորտին: Այլապես որեւէ երաշխիք չկա, որ չենք ունենա նորանոր կորուստներ, երկրի սահմանը պաշտպանող զինվորների կյանքերի անվերադարձ խեղումներ եւ դժբախտություններ: ՀՀ զինված ուժերի դե-ֆակտո գլխավոր եւ գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի հովանավորման ներքո զինվորներին ուղղորդված քվեարկությանը եւ այլ ընտրախախտումներին մասնակից դարձնելու փոխարեն ՀՀ զինված ուժերի բոլոր մակարդակների ղեկավարները պարտավոր են խորամուխ լինել բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների արմատախիլ անելու գործին:
«Ժառանգություն» կուսակցությունը նաեւ խստորեն դատապարտում է 2013 թ. մայիսի 15-ին սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատների բողոքի ակցիան եւ այն լուսաբանող լրագրողների գործունեությունը իշխանությունների, մասնավորապես՝ ռազմական ոստիկանության կողմից ապօրինաբար խոչընդոտելու գործողությունները:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» կուսակցություն