Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն նշանակվել է փորձաքննություն

Մայիս 18,2013 19:55

Մելինե Գրիգորյանը բուժվել էր  «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում»  մոտ մեկ ամիս, քանի որ վերջինիս մոտ ծննդաբերությունից հետո «հետծննդյան փսիխոզ» էր ախտորոշվել: Հակառակ Մելինեի  առողջության մասին դիսպանսերի կողմից տրված դրական եզրակացությանը՝ բուժում ստանալուց հետո նրան չի հաջողվում վերադարձնել իր միակ դստերը` Մարիամին, ում այժմ խնամում են նրա ամուսինը եւ սկեսուրը:

 

Հասարակություն Առանց Բռնության ՀԿ-ի տվյալով, գործն արդեն մի քանի ամիս է, ինչ քննվում է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն վերջերս նիստերը պարբերաբար հետաձգվում էին: Ինչպես 2 կողմերի փաստաբանները հավաստիացրին, հակառակ Արագ Արձագանքման խմբի ունեցած մտավախությունների՝ այս հետաձգումներն ամենեւին էլ պայմանավորված չեն որեւէ հանգամանքով, որը կարող է բացասաբար անդրադառնալ գործի ընթացքին:

Մի քանի հետաձգումներից հետո մայիսի 2-ին տեղի ունեցավ նիստը, որին ներկա գտնվեց նաեւ Արագ Արձագանքման Խումբը: Մելինե Գրիգորյանի ներկայացուցիչ Մհեր Բադալյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան Մելինեի նկատմամբ նշանակել բժշկական փորձաքննություն, քանի որ դիսպանսերի կողմից տրված եզրակացությունը չի համարվում մասնագիտական եւ սպառիչ կերպով չի պատասխանում Մելինեի առողջության եւ նրա կողմից երեխային խնամելու մասին հարցերին: Փորձաքննության արդյունքում ակնկալվում է ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք կա՞ անհրաժեշտություն Մելինե Գրիգորյանին կրկին ստացիոնար բուժման ենթարկելու կամ բժշկի խիստ հսկողության տակ առնելու համար, ինչպես նաեւ պարզել երեխային խնամելու գործում հնարավոր խոչընդոտների առկայությունը: Դատավոր Անահիտ Թումանյանը միջնորդությունն ընդունելու կամ մերժելու որոշման հրապարակման օր նշանակեց մայիսի 6-ը:

Նույն նիստի ժամանակ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերից Մելինեի բուժող բժշկին նույնպես հնարավորություն տրվեց իր կարծիքն արտահայտելու մոր առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ պատասխանելու գործին առնչվող հարցերին: Քանի որ բժշկի տրամադրած տեղեկատվությունը վերաբերում էր Մելինեի առողջական վիճակին եւ համարվում էր խիստ անձնական, կողմերի համաձայնությամբ նիստի այդ հատվածը տեղի ունեցավ դռնփակ:

Մայիսի 6-ին դատավոր Անահիտ Թումանյանը բավարարեց Փորձաքննության իրականացման մասին Միջնորդությունը: Կիրականացվի 2 ստացիոնար փորձաքննություն՝ հոգեբանական եւ հոգեբուժական: Առաջինը կկատարի Երեւանի «Փորձաքննությունների ազգային բյուրո»  ՊՈԱԿ-ը, իսկ երկրորդը՝  ՀՀ Առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովը:

Արագ Արձագանքման խումբը խոստանում է աջակցել Մելինեին:

 

Լիդա ՄԻՆԱՍՅԱՆ
Հասարակություն Առանց Բռնության ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031