Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանից հետաքրքրվեց, թե Գյումրիում հնչած կրակոցները չեն ստվերո՞ւմ մշակութային մայրաքաղաքի համբավը, եւ չեն վախեցնո՞ւմ մշակութային համաշխարհային դեմքերին, ովքեր պատրաստվում էին հյուրընկալվել Գյումրիում: Մշակույթի բաժնի պետը ծիծաղելով պատասխանեց. «Գիտեք ինչ, որպես գյումրեցի մտավորական, չէի ուզի, որ Գյումրին Հայաստանում դառնար Սիցիլիա, բայց Երեւանում հանդիպումների ժամանակ երեւանցիները մի տեսակ նայում են, թե էս ինչ հերոս մարդիկ ենք, որ Գյումրիում ենք ապրում` կրակոցներ եւ այլն: Բոլոր տեղերում էլ կա մշակույթը գնահատողը, մշակութային կյանքով ապրողը, մտավորականը, անձնական կուլտուրա ունեցող մարդը եւ նաեւ հանցագործը, օրենքին չենթարկվող տարրը: Բոլոր տեղերում էլ կան, ուղղակի Գյումրին ամեն ինչի մեջ է կոլորիտով , էս երեւույթն էլ է մեր մոտ կոլորիտով»:
Մշակույթի բաժնի պետ հետ մենք զրուցում էինք Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում, որտեղ քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ քաղաքապետարանի ողջ անձնակազմը թանգարանների միջազգային օրն էր տոնում: Մեր այն դիտարկմանը, թե խայտառակ ենք եղել. վերջին շրջանում Գյումրու մասին խոսելիս ավելի շատ հիշատակում են Քավոր Հարութի, Շեկոյի, Վահեի կամ մյուսների անունները, քան Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի, քաղաքապետարանի պաշտոնյան կատակով պատասխանեց. «Ես լիարժեք համաձայն եմ ձեր հետ, բայց նորից կրկնում եմ, ինչպես մենք պիտի ամեն ինչում առաջինը լինենք ու վառ լինենք, գունեղ լինենք, էս հարցում էլ մենք մենք վառ ու գունեղ ենք: Հավատացեք, մյուս քաղաքներում մեզանից ավելի շատ են հանցագործություններ կատարվում, բայց մերը , քանի որ գյումրեցի ենք, վառ պիտի երեւա ու երեւում է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գյումրեցին,՝ հպարտ է, վեհ է, չկաշառվող է, իսկ հանցագործներ ամեն տեղ էլ կան, բայց ավելի քիչ
քան ՝ Բաղրամյան 26-ում: