Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյանը հայտարարություն է տարածել,տեղեկացնելով, որ Երեւան–Սեւան ճանապարհին խոչընդոտել են իր մասնագիտական պարտականությունները կատարող «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի աշխատանքը։
Հայտարարությունում ասվում է.
Կարդացեք նաև
«Տեղեկանալով այն մասին, որ զորամասերից մեկում դեռեւս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայողների հարազատները ի նշան բողոքի դին տեղափոխում են Երեւան «Կենտրոն» հեռուստատեսության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության նկարահանող խումբը մեկնել է նկարահանման:
Սեւան-Երեւան ավտոմայրուղու վրա սակայն անսպասելիորեն հայտնվել են ուժային տարբեր կառույցների համազգեստավոր եւ քաղաքացիական հագուստով բազմաթիվ ներկայացուցիչներ եւ արգելել են շարունակել նկարահանումները:
Քաղաքացիական հագուստով ոմն անձնավորություն, հայհոյախառն արտահայտություններով հրել է հեռուստատեսության օպերատորին՝ բռնի ուժով զավթելով տեսախցիկն ու տեսախցիկի որոշ մասեր ջարդուփշուր անելուց հետո՝ հանձնել համազգեստավոր ինչ–որ մեկին: Մեր աշխատակիցների բոլոր առարկություններն արժանացել են կոպիտ եւ հայհոյախառն վիրավորանքների:
Դեպքից մեկ ժամ անց բռնի ուժով գողացված տեսախցիկը, սեւ համազգեստով ռազմական ոստիկանության ներկայացուցիչները հետ են բերել սկզբում նշելով, որ այն ինչ-որ մեքենայի մեջ է եղել, հետո էլ բացահայտ ցինիզմով ավելացրել են, թե տեսախցիկը ծառի տակից են գտել:
Մասնատված տեսախցիկը մի քանի րոպե պահել են ՊՆ 101 պետհամարանիշով ավտոմեքենայի մեջ, որից հետո, առանց ձայնագրման կրիչների վերադարձրել են մեր նկարահանող խմբին:
Մենք սա գնահատում ենք, որպես բացահայտ խոչընդոտում լրագրողական աշխատանքին, խոսքի ազատության ակնհայտ ոտնահարում եւ սահմանափակում: Խստորեն դատապարտում ենք այս երեւույթը, միաժամանակ պահանջելով իրավապահ մարմիններին հայտնաբերել եւ պատժել այն մարդկանց, ովքեր դրսեւորել են շարքային խուլիգանի վարքագիծ եւ իրավամբ չեն կարող տեղ ունենալ ոչ իրավապահ, ոչ պաշտպանության նախարարության համակարգերում:
Հ.Գ Համապատասխան իրավապահ մարմիններին խնդրում եմ իմ հայտարարությունը ընդունել, որպես հաղորդագրություն հանցագործության մասին:
Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյան»։