Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Ալեքսանյանը չի այցելել զոհված զինվորի տուն

Մայիս 18,2013 17:24

«Ես այդ գյուղ չեմ այցելել ու դա ինձ հետ ընդհանրապես առնչություն չունի: Ես կարծում եմ, որ իմ անվան շուրջ շահարկումներ են սկսվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, լրագրող Ժաննա Ալեքսանյանն անդրադառնալով Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան առիթով առաջացած զարգացումներին:

 

Հիշեցնենք, որ զինվորի հայրը, որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի որդու դին դագաղով բերել Երեւան եւ բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։ Ավելի ուշ, զոհված զինվորի ծնողներին ընդառաջ է գնացել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, վերջինիս հետ զրույցից հետո, զոհված զինվորի ծնողները որոշել են իրենց որդու դին ետ տանել գյուղ եւ հուղարկավորել :

Այս թեման այսօր նաեւ սոցցանցերի քննարկման թիվ մեկ լուրն է: Բլոգեր Տիգրան Քոչարյանը` Փիղ, իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել. «Ախր գրում եք սաղ գրեք, գրեք գիշերը ով ա  «իրավապաշտպաններից» գնացել սպանված զինվորի ծնողների տուն ու հորդորել դիակը բերել Երևան, ասեք ինչի համար ա զինվորը զենք հանում ու կրակում զինակիցների վրա: Կամ հերքեք այդ քաղաքով ակտիվ պտտվող լուրերը…. »: Համաձայն այդ շրջանառվող լուրերի, սպանված զինվորի տուն գիշերային այցելու իրավապաշտպանը եղել է «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը: «Ես կարծում եմ, որ նման սուտ տեղեկատվություն տարածողների նպատակն իմ անվան շուրջ շահարկումներ սկսելն է եւ դա անում են պաշտպանության նախարարության կամ զինվորական վերնախավի արբանյակները: Այդ մարդիկ փորձում են ինձ ներքաշելով արդարացնել իրենց պահվածքը կամ իրենց չարածը, այն, ինչը որ իրենք պարտավոր էին անել, արդարացնել նման բաներով: Ես խնդրում եմ, որ նման ստահոդ տեղեկություններ տարածողները փոխեն իրենց ենթադրությունների ոլորտը եւ ուղղությունը: Ի դեպ, կարծեմ զոհված զինվորի ծնողներին այցելել է Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ)»,- մեզ հետ զրույցում ասաց Ժաննա Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ Մարգարիտա Խաչատրյանը «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահն է:

 

Նելլի ԳՐԻՐԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031