«Սպայկա» ընկերությունը հրաժարվել է արտադրական տարածքներ տրամադրելու կառավարության առաջարկից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը:
Հարցին, թե թե ի՞նչ ընթացքում է Կառավարության կողմից առաջարկված արտադրական տարածքների տրամադրման հարցը, Դ. Ղազարյանը պատասխանել է. «Սպայկա» ընկերությունն ունի սեփական անհրաժեշտ տարածքներ, որտեղ հիմա լայն թափով կազմակերպվում է սառնարանային տնտեսություն եւ գյուղմթերքների մթերման կետեր: Այդ պատճառով «Սպայկա» ընկերությունը շնորհակալությամբ հրաժարվել է այդ առաջարկից եւ, ինչպես միշտ, շարունակում է ակտիվ համագործակցել կառավարության հետ ընթացիկ մթերումների խնդիրը համագործակցաբար եւ փոխօգնության հիմքով կազմակերպելու ուղղությամբ»:
Վերջին երկու օրերին երկու անգամ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքում: Մայիսի 15-ի գիշերը բռնկված հրդեհը մարելու համար հրշեջ-ծառայությունից պահանջվել էր 14,5 ժամ, իսկ մայիսի 17-ին բռնկված հրդեհը հաջողվել էր մի ժամվա ընթացքում մարել: Առաջին օրը հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը եւ ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները: Դեպքի վայրում են գտնվել 6 ջրատար, շտապօգնության եւ ոստիկանության ավտոմեքենաներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել` 14.30-ին: Նախնական տվյալներով այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով: