Սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները քիչ առաջ հանդիպեցին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ ու բավական երկար զրուցեցին վերջինիս հետ դեպքի մասին: 168.am-ը տեղեկացնում է, որ մահացած զինվորի հորեղբայրը նախարարին խնդրեց ներկայացնել թե ինչ են զեկուցել իրեն դեպքի մասին և պատմել՝ ինչպես է տեղի ունեցել միջադեպը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ կրակող զինվորը եղել է պահակատան մուտքի մոտ՝ ժամապահ, պահակատան պահպանության իրականացման համար: Իսկ այդ աշխատողները, նախարարի խոսքով, նշանակվում են արթուն հերթափոխից և կես ժամը մեկ փոխվում են:
Զինվորի հորեղբայրը Օհանյանին խնդրեց «շատ էներգիա» չծախսել ու կարճ ներկայացնել՝ ինչ է տեղի ունեցել զորամասում: «Վեճ է առաջացել, զինվորների միջև վեճ է առաջացել՝ ժամապահը, որը գտնվել է այնտեղ, և «կուրիլկայում» նստած զինվորները, այդ թվում նաև ձեր զավակը: Վեճի արդյունքում իրար սկսկել են վիճելը: Վեճը սկսվել է «պզուկից», եթե այդպես եք ուզում իմանալ, որից հետո ասել են՝ ինձ մի վիրավորի, իսկ պատասխանն էլ եղել է՝ չենք վիրավորում, դու ով ես և այլն: Արդյունքում կրակողը, որը հանցագործություն է կատարել, կրակել է»,-պատմեց Ս. Օհանյանը: