Լրահոս
Օրվա լրահոսը

Քեմբրիջից՝ Վայոց Ձոր. ՀԵՀ-ն ու «Լույսը» համագործակցում են

Մայիս 18,2013 15:57

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն (ՀԵՀ) ու «Լույս» հիմնադրամը նախաձեռնում են ծրագիր՝ ուղղված մարզային երիտասարդության շրջանում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը: Մասնավորապես ՀԵՀ-ի մարզային կենտրոններն ակտիվացնելու եւ երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը նպաստելու համար «Լույս» հիմնադրամի ծրագրերով արտասահմանյան հեղինակավոր բուհերում կրթություն ստացած երիտասարդները ամառային արձակուրդների ընթացքում կամավոր հիմունքներով ծրագրեր կիրականացնեն գյուղերում՝ պարզելու, թե ինչպես կարելի է լուծել մարզի երիտասարդության հիմնախնդիրները:

Այսօր ՀԵՀ Վայոց Ձորի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀԵՀ մարզային կենտրոնի կամավորները ներկայացրին մարզի երիտասարդական հիմնախնդիրները. նրանք առանձնացրին երիտասարդների զբաղվածության, ժամանցի կազմակերպման, մասշտաբային ծրագրերի անցկացման հարցերը: Մտահոգությունը հայտնեցին, որ գյուղերում մշակութային կենտրոնները գտնվում են անմխիթար վիճակում, կամ հաճախ երիտասարդների ստացած մասնագիտությունը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շեշտեց, որ այս ծրագիրն ուղղված է հիմնականում գյուղերում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը.  «Մենք «Լույսի»  հետ զուգահեռ գործել ենք եւ երբեւէ մեր ծրագրերը չեն խաչվել: Ուստի անհրաժեշտություն առաջացավ օգտագործել «Լույսի» պոտենցիալը ընդհանուր գործի մեջ, քանի որ ի վերջո նպատակն ու վերջնակետը նույնն է՝ զարգացած երիտասարդություն եւ զարգացած համայնք: Մյուս կողմից էլ այն երիտասարդները, որոնք արտասահմանում կրթություն են ստացել, պիտի դառնան մեր շրջապատի մարդիկ: Այսպիսի ծրագրերը հնարավորություն են տալիս, որ այդ երիտասարդները չկտրվեն մեր հասարակությունից: Այլ բան է նրանք գալիս են այստեղ՝ որպես դիտորդ, մեկ այլ բան, երբ գալիս են որպես մեզանից մեկը»:

 

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն էլ առաջարկեց ՀԵՀ-ի հետ համատեղ իրականացնել նաեւ մի նախագիծ, որի շրջանակներում երիտասարդները կստեղծեն վավերագրական ֆիլմեր, որոնց միջոցով կներկայացվի ՀՀ գյուղերի պատմությունը, ավանդույթները հերոսներին՝ ստեղծելով երիտասարդների եւ ավագ սերնդի ներկայացուցիչների միջեւ երկխոսություն:

Arav0t.am-ը Ժ. Կարաասլանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է լուծվում արտասահմանյան հեղինակավոր բուհերում կրթություն ստացող երիտասարդների վերադարձի հարցը ՀՀ եւ արդյոք այսպիսի ծրագրերը խթանո՞ւմ են վերադարձին: Նա  պատասխանեց. «ՀՀ-ում հարցը սխալ է դրվում, քանի որ ամեն ինչ վախից է գալիս: Ողջ աշխարհում երիտասարդությունը ցանկություն ունի աշխարհը բացահայտելու:  Ուրիշ երկրներում, երբ երիտասարդները գնում են արտերկիր սովորելու ոչ ոք նրանց չի հարցնում արդյոք կվերադառնաք, քանի որ իրենց համար դա բնական է: Անհրաժեշտ է Հայաստանը ներկայացնել՝ որպես հնարավորությունների երկիր, որ մարդիկ հասկանան՝ երբ գան Հայաստան իրենց սովորածը կարող են կիրառել ու մասնակցել երկրի զարգացմանը»: Ժ. Կարաասլանյանը տեղեկացրեց, որ արտասահմանյան հեղինակավոր բուհերում սովորած երիտասարդների 54 տոկոսը վերադառնում է Հայաստան, այդ թվում` Սփյուռքի հայ երիտասարդությունը:

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031