Կառավարության շենքի դիմաց այս պահին հավաքվել են մոտ 100 քաղաքացիական ակտիվիստ, բնապահպաններ, ՀԱԿ երիտթեւի անդամներ, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրեր: Նրանք փորձել են սեւ ժապավեններ եւ մեխակներ կապել կառավարության շենքի դիմացի ծառերին` այդպիսով փորձելով հարգել օրերս Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի հիշատակը:
Ոստիկանության աշխատակիցներն ակցիայի մասնակիցներին թույլ չեն տվել իրականացնել իրենց մտահղացումը` պատճառաբանելով, որ այդպիսով կխոչընդոտեն հետիոտների ազատ տեղաշարժը: Ի պատասխան ոստիկանների բողոքավորները հայտարարեցին, որ իրական օրինախախտները հենց ոստիկաններն են:
Այսօր առավոտյան զոհված զինծառայողի հայրը որդու դին դագաղով փորձել է բերել Երևան եւ բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց, սակայն նրա ճանապարհը փակել են ոստիկանությունն ու բանակը եւ բանակցություններից հետո որդեկորույս հորը համոզել են ետ տանել դիակը։
Կարդացեք նաև
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն իրենց որդիների լուսանկարները ձեռքներին կառավարության շենքի մոտ բղավում են. «Տղա ենք տվել բանակին, որ դիակը հետ տա՞ն, ու հիմա էլ նոր դեպք է տեղի ունենում»:
Ակցիայի մասնակիցներն արդեն տեղեկացան, որ որդեկորույս հորը համոզել են ետ տանել որդու դագաղը, սակայն չեն պատրաստվում հեռանալ կառավարության շենքի մոտից: Ինչպես մեր թղթակցին են նրանք ասել` այժմ սպասում են այն ակտիվիստներին ու լրագրողներին, որոնք այսօր եղել են դեպքի վայրում` Սեւան-Երեւան մայրուղու վրա:
Կառավարությունից ակցիայի մասնակիցներին ընդառաջ դուրս եկավ Քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Ակցիայի մասնակիցները հրաժարվեցին զրուցել նրա հետ` պահանջելով հանդիպում անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Այդ նպատակով նրանք շարժվեցին կառավարության շենքի դռների մոտ, սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին նրանց: Արդյունքում փոքրիկ բախում տեղի ունեցավ նրանց միջեւ:
Առավել մանրամասն` այստեղ: