«ArmRockFest» ռոք մրցույթ-փառատոնը կայացել է: Եղել է 3 մրցանակ, ինչպես նաեւ անվանական մրցանակներ»,- այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց տարածաշրջանում առաջին անգամ անցկացված «ArmRockFest» ռոք մրցույթ-փառատոնի պրոդյուսեր Արմեն Սարգսյանը:
Բանախոսի փոխանցմամբ` առաջին եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Հայաստանի «Hayard» եւ «Metaphor» ռոք խումբը, իսկ երկրորդ տեղը` Վրաստանը ներկայացնող `«Scratch The Floor» ռոք խումբը:
«Հայաստանի համար սա մեծ քայլ էր: Մրցույթ-փառատոնին մասնակցել են շուրջ 14 ռոք խմբեր, միջին տարիքը եղել է 19: Ամենակարեւորը տրամադրությունն է, որը կարողացան խմբերը իրենց երաժշտության միջոցով փոխանցել»,-ասաց «ArmRockFest» ռոք մրցույթ-փառատոնի կազմակերպիչ Վարդուհի Դավթյանը:
Վերջինիս փոխանցմամբ` «Լավագույն վոկալ» ճանաչվել է «Hayard»-ի անդամ Սերգեյ Միրզախանյանը, լավագույն կիթառիստը եւս «Hayard» խմբից է եղել: «Մենք եկել էինք հաղթելու եւ մենք հաղթեցինք: Ամեն բան շատ լավ էր արված, որի համար շատ ուրախ եմ»,-ասաց վոկալիստը:
Կարդացեք նաև
Պրոդյուսեր Արմեն Սարգսյանի խոսքով` իրենց նպատակն էր ռոք լավ կատարողներին հնարավորություն տալ հանդես գալ մեծ բեմում` որակյալ տեխնիկայով, որը հաջողվեց: «Պետք էր ռոքը ակումբներից դուրս բերել, որ ամեն խումբ երգի ոչ միայն իր ընկերների շրջանում, այլեւ հասարակության լայն շերտերի համար: Կային խմբեր եւ երաժիշտներ, որոնք հաճելիորեն զարմացրեցին: Մենք այս բոլոր խմբերի հետ կապ կհաստատենք եւ հանդես կգանք ամբողջ տարվա ընթացքում, մինչեւ հաջորդ տարի, երբ արդեն նոր խմբեր ու երաժիշտներ կլինեն: Մեր նպատակն է, որ հանդես գանք այն երկրներումը, որոնք ներգրավված են փառատոնում»:
Ըստ Սարգսյանի` ժյուրիի կազմում ընդգրկված են եղել «The Beautified Project» խմբի հիմնադիր-անդամ Անդրե Սիմոնյանը եւ Այդին Դավուդին, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, երգիչ, երգահան Արմեն Գեւորգյանը, դաշնակահար Արմեն Սարգսյանը:
Նախագծի աջակցել են Երեւանի քաղաքապետարանը, Մշակույթի նախարարությունը, ինչպես նաեւ Հայաստանում Վրաստանի եւ Վրաստանում Հայաստանի դեսպանները:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ