Այս պահին փակ է Երեւան-Սեւան մայրուղին: Lragir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Սեւանի մայրուղու ՃՈ պոստի մոտ կանգնեցրել են լրագրողներին տեղափոխող մեքենաները եւ լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ դեպքի վայրին:
ՃՈ պոստից այն կողմ զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ու համագյուղացիներն են, որոնք մտադիր էին զոհվածի դիակը բերել Երեւան, ի նշան բողոքի: Նրանց ճանապարհը փակել են բանակն ու ոստիկանությունը:
Կարդացեք նաև
Ռազմական ոստիկանության աշխատակիցները հարձակվել են լրագրողների վրա եւ նրանցից խլել տեսանկարահանող սարքերը: Լրագրողներին արգելում են նկարահանումներ անել: Նրանց ասել են, որ հրամանը վերեւից է՝ չեն թողնում նկարել, որ «թուրքը չտեսնի ուրախանա»:
Դեպքի վայրում են Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, այլ բարձրաստիճան իրավապահներ:
Լյուքս Ստեփանյանը զոհվել է մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անզգույշ կրակոցից: Ծնողները չեն հավատում այս վարկածին եւ համարում են, որ գործը ուզում են կոծկել: