Հենց այսպիսի խնդրանքով ասուլիսի ժամանակ լրագրողներին դիմեց Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆաելյանը ասելով. «Եթե ես խոսում եմ ու բողոքում եմ, որ ինչ-որ բացթողումներ կան, դա չի նշանակում, որ ես հանդիպում եմ լրագրողների հետ միայն բողոքելու համար: Մենք ունենք նաեւ ձեռքբերումներ տուն-թանգարանի հանդեպ ուշադրության հարցում: Ես հիմնականում պիտի խոսեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի դրական դերակատարության մասին այս հարցում: Տուն-թանգարանի դիմաց տեղադրված էին աղբամաններ, որոնց հարցը միայն նրա օրոք լուծում գտավ »:
Կարինե Ռաֆաելյանի խոսքով, տուն-թանգարանի հարակից տարածքում նաեւ ապամոնտաժվել է երկու կրպակ, որոնք փակում էին այցելուների տեսադաշտը, եւ տուն-թանգարանը անտեսանելի էր մնում նրանց համար:
Սակայն Կ. Ռաֆաելյանը չկարողացավ չբողոքել: Նրա խոսքով՝ Գրականության եւ արվեստի թանգարանի մի մաս կազմող Դ.Դեմիրճյանի տուն- թանգարանի հերթը չի հասնում, երբ հարցը վերաբերում է վերանորոգմանն ու հիմնանորոգմանը:
«Այնտեղ ամեն պահի կարող է ջրագիծը պայթել, կարող է հրդեհ բռնկվել, որովհետեւ մաշված են լարերը»,- պարզաբանեց տիկին Ռաֆաելյանը: Տուն-թանգարանում շուրջ 36 տարի վերանորգման աշխատանքներ չեն կատարվել:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք կա՞ն բարերարներ, ովքեր օժանդակում են տուն-թանգարանին, Կ.Ռաֆաելյանը պատասխանեց. «Նախընտրական շրջանում գալիս-բոցաշունչ խոսքեր են ասում, խոստումներ տալիս ու գնում: Ընտրություններից հետո խորապես մոռանում են»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ