Լրահոս
Օրվա լրահոսը

Հետընտրական դառնահամ

Մայիս 18,2013 13:22

Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ

Հանրապետության նախագահի՝ դանդաղ շտապողի քաղաքականությունը դանդաղ շտապելու առումով իրեն դասական համարող Ալվարդ Պետրոսյանին անգամ արդեն շատ դանդաղ է թվում: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ քաղաքականության կիզակետում լինելով՝ կարեւոր իրադարձություններին միանգամից արձագանքել է:

– Այսօր, երբ էական փոփոխությունների առումով մի տեսակ պատրանքաթափ ենք եղել, երբ հասարակությունը պերմանենտ հետընտրական ապատիայից դուրս գալու հնարը չի տեսնում, եւ ի հավելումն այս ամենի՝ հետընտրական թանկացումներն արդեն սկսվել են, ի՞նչ եք առաջարկում դուք, տիկին Ալվարդ: Այս ամենը հիմա ինչպե՞ս եք կողքից դիտում-դիտարկում:

– Ես հիմա եզրային հարձակվողներից եմ, հարձակվող, ոչ թե պաշտպան: Ուզում եմ երկիրս պաշտպանվի, իսկ դրա համար պիտի ոչ միայն պաշտպանվենք, այլեւ պիտի գրոհենք: Պատկերացրեք՝ եզերքից, իրադարձություններին ավելի հեռվից նայելով՝ գուցե շատ մանրամասներին տեղյակ չես, բայց ընդհանուր պատկերն ավելի հստակ է դառնում: Իհարկե, հետընտրական ապատիա կա, բայց նաեւ՝ իրատեսորեն գնահատելու ժամանակն է, իսկ դրա համար պիտի դեպրեսիայի մեջ լինես, ավելորդ խանդավառությունը խաբում է: Ուզում եմ՝ շուտ սթափվենք: Ես էլ հիասթափություններ ունեմ: Ընտրություններից հետո դառնահամ է մնում մեջդ, մտածում ես՝ իսկ կկարողանա՞ նախագահը խոստումները կատարել: Հաղթողներ եւ պարտվողներ չկան. եթե հաղթում ենք, բոլորս ենք հաղթում, նախագահին այո ասողներն էլ, ոչ ասողներն էլ, պարտվում ենք՝ այո եւ ոչ ասողներն էլ են պարտվում: Որովհետեւ ի վերջո, այս ամենից հետո մնում ես դու ու քո երկիրը: Ես այն մարդկանցից եմ, ովքեր ընտրեցին Սերժ Սարգսյանին, բայց հո ամեն ինչ ընտրությամբ չավարտվեց: Անկեղծ ասած՝ կառավարության ձեւավորման առումով շատ ակնկալիքներ ունեի: Ժողովուրդը, նրանց մեջ նաեւ ես, թարմության, փոփոխության կարիք ուներ: Յոթ տոկոս աճով պատճառաբանված՝ գրեթե նույն կազմը հաստատելուն համաձայն չեմ: Ճապոնական համակարգի հանգույն՝ նոր, թարմ ուղեղներ պիտի լինեն:

Դանդաղ շտապելու մասին էլ ասեմ՝ այնուամենայնիվ, երկրի ղեկավարը շատ արագ չի կարող շտապել, մեր շտապելն ու իրենը տարբեր կշիռ ունեն: Ես կարող եմ անհամբեր լինել, այն ոչ մեկին չի վնասի: Բայց ես դեռ ուզում եմ հուսալ, որ կտրուկ փոփոխություններ լինելու են: Հիասթափված չեմ առայժմ եւ սպասում եմ, որ ինքը պիտի փոփոխություններ անի, ճահիճը պիտի տատանի:

– Տիկին Պետրոսյան, նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ հանրապետության նախագահի ձեռամբ «Պատվո շքանշան» ստացաք, բայց այդ մասին որեւէ տեղեկատվություն, անդրադարձ կարծես չեղավ:

– Գիտեք, ես ամաչեցի ինձ համար շատ թանկ «Պատվո շքանշանը» հրապարակային կերպով ստանալուց: Հանրապետության նախագահն այն բերեց մեր տուն՝ հարգելով իմ անձը, հարգելով իմ վիշտը: Ես շատ ազդված եմ դրանից: Զանգահարեցին, ասացին՝ լրատվություն պիտի լինի, բայց ես չկամեցա, հրաժարվեցի: Ասացի՝ այդ շքանշանը երկու տարի առաջ եմ ստացել՝ 65-ամյակիս առիթով: Եվ ընտանիքիս ողբերգական իրադարձությունների բերումով չկարողացա գնալ ստանալ: Վերջապես նախագահը բերեց: Դա մարդկայնորեն այնքան շոյիչ էր, այնքան գալանտ:

– Մայիսը հաղթանակների ամիս է հայոց համար, եւ, որպես կանոն, մայիսյան եռատոնին գեղեցիկ, հերոսական խոսքեր են հնչում հայրենիքի, հաղթանակը նվաճած մարտիկների հասցեին: Իսկ իրականության մեջ որքանո՞վ ենք ապրում մեր վերջին հաղթանակով, որքանո՞վ է այն մեր կյանքի ու կենցաղի մասը դարձել: Մենք հաղթել ենք, բայց մի տեսակ տպավորություն ունեմ, թե պարտության մեջ ենք ազգովի:

– Մեր հաղթանակի վրա առաջին քարը Լեւոն-Տեր Պետրոսյանը գցեց՝ ասելով, թե սա ընդամենը մեկ շահած ճակատամարտ է: Ամենամեծ ոգեւորության պահին դա ասվեց: Սա մի ամբողջ քաղաքական մտածողության դրսեւորում էր: Պատմությունը կեղծ կատեգորիա չէ, ինչպես կարծում է նա, պատմությունը կեղծվող կատեգորիա է: Մինչեւ հիմա չենք կարողանում հստակ ասել, որ առաջինը Շուշի մտել է Աշոտ Ղուլյանը. քանի որ դաշնակցական է՝ չեն ասում: Շատ ցավալի է: Իրական հերոսները խոնարհ են, երբեք կուրծք չեն ծեծում, իսկ «ասֆալտի ֆիդայի» ձեւակերպման հեղինակը ժողովուրդն էր: Այն հոխորտացող, լկտի-ամբարտավանների դեմ էր: Հիշենք միայն Չարենցի «Խմբապետ Շավարշը»: Այսինքն՝ միշտ եղել են պատմություն կերտող խոնարհ հերոսներ եւ պատմությունը կեղծողներ: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ երբ Վահագն Խաչատրյանն ասում էր՝ եթե ես քաղաքապետ դառնամ, առաջին հերթին թույլ չեմ տա, որ ծառեր կտրեն, զարմանում էի: Լավ բան է ասում, բոլորս ենք երազում դա: Բայց ես ուզում եմ ասել՝ այ մարդ, դու այն թիմից ես, որը երկիրը ծառահատեց, կամ՝ խոսում ես Երեւանի ճարտարապետությունից, բայց կոնկրետ դու իրավունք ունե՞ս քննադատելու, երբ քո օրոք շինարարական կռունկները մեռած ագռավների պես կախված էին Երեւանի վրա, կրպակից ու սեղանիկից բացի՝ բան չկառուցվեց, եղածն էլ քանդվեց: Ի՞նչ իրավունք ունես խոսելու ոլորտների, բաների մասին, որոնց մեջ դրական դերակատար չես եղել: Տեր ես եղել, բայց տիրություն չես արել:

– Նման դեպքերում սովորաբար մեղքը ժամանակի վրա են գցում՝ պատերազմ էր, ճգնաժամի մեջ էինք:

– Անընդունելի եմ համարում ժամանակով, իրավիճակով պայմանավորելը: Ամենահեշտ պատասխանը դա է: Հիմա էլ նույն իրավիճակն է, այնուամենայնիվ՝ քարը քարին դրվում է: Հայկական ժամանակն էլ է կամաց հոսում, սակայն ինչ-որ բան կատարվում է: Բայց ես կուզենայի ավելի կտրուկ փոփոխությունների ականատեսը լինել: Հայոց արգանդը չի չորացել: Շատ կուզեի, որ, ասենք, Հրանտ Բագրատյանը մասնակցեր այդ փոփոխություններին, նա մարդ է, որ անհանգստացնում է, միտք է շարժում: Կամ՝ քիչ առաջ, հարցազրույցից դուրս խոսում էինք Արա Պապյանի մասին, նրա քաղաքական մաքսիմալիզմը գուցե չեմ ընդունում, բայց նրա գոյությունը հայ քաղաքական կյանքում, մանավանդ՝ արտաքին ճակատում, շատ հաճելի է: Ինքը քեզ ստիպում է մտածել: Իմիջիայլոց, նույն բանը գրականության մեջ կատարում էր Պարույր Սեւակը: Օդը տատանում էր: Իր ստեղծագործությամբ, գոյությամբ այնպիսին էր, որ իր հետ բանավիճելուց էլ խելոքանում էիր:

Շարունակելի

ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ալվարդ Պետրոսյանի տեսակը ինձ միշտ է դուր եկել: Պինդ կացեք տիկին Ալվարդ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031