«Մենք Ալեքսանդր Արզումանյանի հետ նախապես զրուցել ենք, տեղյակ ենք եղել: Մամուլում շատ է խոսվում, երբեմն նաեւ արհեստական խնդիր են առաջ քաշում, բայց եւ Ալեքսանդր Արզումանյանը, եւ բոլոր մյուս տղաները եղել ու մնում են մեր ընկերները»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով նոր ստեղծվող ՀՀՇ-ին վերաբերող հարցին՝ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Թե ինչ ազդեցություն կունենա «Ազատ դեմոկրատների» վրա Ալեքսանդր Արզումանյանի հեռանալը, մեր զրուցակիցը «չնսեմացնելով կամ չուռճացնելով» նրա դերակատարումը՝ ասաց. «Զուտ կուսակցության ծրագրերի, մոտեցումների եւ քաղաքական գծի առումներով որեւիցե ազդեցություն կամ դեր չի ունենա: Ալեքսանդր Արզումանյանը որտեղ էլ գործի, վստահ եմ, որ կգործի ազատական դաշտում: Ես մեծ տարբերություն չեմ տեսնում, թե նա որտեղ կցանկանա իրացնել իր քաղաքական մոտեցումները»:
Խաչատուր Քոքոբելյանն անդրադառնալով իր ղեկավարած կուսակցության հնարավոր լուծարմանը եւ նոր ստեղծվելիք ՀՀՇ-ին միանալուն՝ ասաց, որ «Ազատ դեմոկրատները» չի ստեղծվել ՀՀՇ-ի հենքի վրա, եւ իրենք երբեւիցե նպատակ չեն ունեցել որեւիցե քաղաքական ուժի հաշվին այլ քաղաքական ուժ ստեղծել. «Մեզ մոտ հավաքված մարդիկ հիմնականում նախկինում անկուսակցականներ են եղել, թեկուզ շատ են մարդիկ, ովքեր 1988-ի շարժման ակունքներից են գալիս: Մենք հետամուտ ենք մեր գաղափարախոսությանը: Միշտ ասել ենք, որ մի փոքր այլ տիպի կուսակցություն ենք պատկերացնում ու փորձում ենք դա անել: Ամպագոռգոռ բաներ ասել չեմ ուզում, բայց կարծում եմ՝ ժամանակն է գնահատականներ տալիս: Ժամանակը ցույց կտա՝ ով ինչ է ուզում եւ ուր է գնում: Առկա խնդիրների լուծման մեր մոտեցումներն ու պատկերացումներն ունենք ու փորձելու ենք դրանք կյանքի կոչել»:
Հարցազրույցի մանրամասները՝
հաջորդ համարում:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ